Search
Close this search box.

ԱԺ արտահերթ նիստում կսահմանվի վարչապետի ենթակայության տակ գտնվող մարմինների ցանկը

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ մարտի 6-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով (փոփ. 01.03.2018, ՆՈ-06-Ն):  Օրակարգում բազմաթիվ նախագծեր են, այդ թվում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը: Դրանով սահմանվում է, թե պետական մարմիններն ում ենթակայության տակ են գտնվելու:

Ահա մի հատված օրինագծից:

Հոդված 4. Կառավարությանը ենթակա մարմինը

1. Կառավարությանը ենթակա մարմինն ապահովում է Կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաեւ աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Կառավարության քաղաքականության մշակմանը:

2. Կառավարությանը ենթակա մարմիններն են՝

1) Պետական եկամուտների կոմիտեն.

2) Քաղաքաշինության կոմիտեն.

3) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն.

4) Վիճակագրական կոմիտեն.

5) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն.

6) Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը.

7) Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը.

8) Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը.

9) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.

10) Կրթության տեսչական մարմինը.

11) Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Հոդված 5. Վարչապետին ենթակա մարմինները

1. Վարչապետին ենթակա մարմինները գործում են ազգային անվտանգության, ոստիկանության, պետական պահպանության եւ պետական վերահսկողության ոլորտներում:

2. Վարչապետին ենթակա մարմիններն են՝

1) Ազգային անվտանգության ծառայությունը.

2) Ոստիկանությունը.

3) Պետական պահպանության ծառայությունը.

4) Պետական վերահսկողական ծառայությունը:

Հոդված 6. Նախարարությանը ենթակա մարմինը

1. Նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում եւ ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը:

2. Նախարարությանը ենթակա մարմիններն են՝

1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը.

2) Քրեակատարողական ծառայությունը.

3) Պրոբացիայի ծառայությունը.

4) Փրկարար ծառայությունը.

5) Սոցիալական ապահովության ծառայությունը.

6) Պետական արարողակարգի ծառայությունը.

7) Միգրացիոն ծառայությունը.

8) Ջրային կոմիտեն.

9) Գիտության կոմիտեն.

10) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.

11) Զբոսաշրջության կոմիտեն.

12) Գլխավոր շտաբը.

13) Պետական գույքի կառավարման կոմիտեն.

14) Բարձրագույն որակավորման հանձնաժողովը.

15) Անտառային կոմիտեն.

16) Լեզվի կոմիտեն:

3. Նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը համապատասխան նախարարությանը սահմանում է Կառավարությունը: