Search
Close this search box.

«Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում». Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան

Հայաստանի Հանրապետության տարածքների վերաբերյալ ցանկացած որոշում, որևէ մի միլիմետր փոխանցում հակառակորդին, պահանջում է հանրաքվե: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդհատեց Ա. Մինասյանին ու դիմեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեսքանյանին. «Պարոն Ալեքսանյան, չի կարելի տեղից այդքան բղավել, էլ չեմ ասում՝ ակնհայտ է, որ թիվ չեն կարողանալու ասել»։

Այնուհետև Արծվիկ Մինասյանը դիմելով դահլիճում նստած Նիկոլ Փաշինյանին ասաց. «Որտե՞ղ է իշխանության անկեղծությունը: Անկեղծությունը մեկ բանում է, պարոն Փաշինյան, ձեր կողմից ձեր իշխանությունը, ձեր պաշտոնը պահելու, ձեր խմբի հարստությունը պահպանելու ձգտումն է։ Սա անկեղծությունն է, որ դուք ժամանակի ցանկացած պահին փորձում եք ներկայացնել հայ ժողովրդին՝ իրավիճակից բխող գործողություններ»։

Դահլիճից սկսեցին ծիծաղել ու տարբեր բառեր հնչեցնել։

Ա. Մինասյանն ասաց. «Հարստություն, երբ որ ասում եմ, մի մտածեք միլիարդատերեր եք։ Ես նկատի ունեմ, որ ձեր բարեկեցությունն այնքան եք բարձրացրել … Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում… Այնքան եք ձեր բարեկեցությունը բարձրացրել, որ հիմա վախենում եք անգամ…»։

Ալեն Սիմոնյանը կրկին ընդհատեց՝ կոչ անելով տեղից չխոսել. «Մենք հասկացանք, որ պարոն Մինասյանը նկատի ունի մեր հոգևոր հարստությունը»,– հայտարարեց Ալեն Սիմոնյանը, ապա դիմեց Մինասյանին, որ շարունակի խոսքը։

«Իհարկե, պարոն Սիմոնյան, ես նկատի ունեի նաեւ այն գրքերը, որ կարդացել եք` Նժդեհ, մեր մեծերին, բայց ավարտելով խոսքս ասեմ` ձեր անկեղծությունը մի տեղում է` ամեն գնով պահպանել ձեր փոքրիկ իշխանությունը` առանց զգալու պատասխանատվություն, մինչդեռ պատասխանատու ուժը կելներ, այստեղից ներողություն կխնդրեր, կձևավորվեր նոր կառավարություն, նոր ծրագրով, նոր մարտահրավերներին համապատասխան։ Դուք այդքան կամք էլ չունեք ձեր մեջ»,-ասաց Մինասյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։