Search
Close this search box.

Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի մոտ. Զախարովա

Ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Մոսկվայի մոտ, քանի որ Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին։ Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում միտումնավոր տարակուսում են, թե ինչու է ապրիլի 5- ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը շատերի մոտ անհանգստություն առաջացնում։ Նրանք պնդում են, որ այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ Նման միջոցառումները մտահոգիչ են Ռուսաստանում, որովհետև ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղիղ ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է: Հենց այդպես էլ ասում են՝ բաց տեքստով»,-գրել է նա Telegram- ի ալիքում։

Դիվանագետի խոսքով՝ նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության ձեռքբերմանը, այլ «Արեւմուտքի՝ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով դեպի Հարավային Կովկաս հետագա ներդրմանը, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետեւելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի ոչնչացմանը, տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը»:

«Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։ Չէ որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արեւմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին», – ամփոփել է Զախարովան։