Search
Close this search box.

«Հրապարակ». Բանակը վճռորոշ ընտրության առաջ է՝ դառնալ հանցակի՞ց, թե՞ դիմադրել հող հանձնողին

Նիկոլ Փաշինյանը` Ալիեւի ճնշման ներքո, կարծես պատրաստ է զիջել ամեն բան՝ հույս ունենալով, որ այդպիսով խաղաղություն կհաստատվի մեր երկրում: Եվ այդ զիջումները պայմանավորված են բացառապես Փաշինյանի որդեգրած քաղաքականությամբ, սակայն կյանքը ցույց է տալիս, որ նա ուզում է այդ քաղաքականության պատասխանատվությունն էլ դնել ուրիշների վրա: Այսպես կոչված, կոլեկտիվ պատասխանատվության կամ կոլեկտիվ անպատասխանատվության դաշտ ստեղծել: Առաջին «հանցակիցները», իհարկե, իր թիմակիցներն են, հատկապես` բարձր պաշտոն զբաղեցնողները: Երկրորդ էշելոնում ռազմական գործիչներն են, որոնց վրա փորձում են բարդել կատարվածի ողջ պատասխանատվությունը։

Հիշենք, որ 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ սուվերեն տարածքից ավելի քան 200 ք/կմ անցել է ադրբեջանական զինուժի օկուպացիայի տակ: Եվ դեռ այն ժամանակ էր խոսվում, որ բանակին չկրակելու հրաման է տրված, ինչը մեծապես նպաստեց, որ թշնամին զգալի տարածքներ զավթի Գեղարքունիքից, Սյունիքից, Վայոց Ձորի` Ջերմուկի հատվածից: Բայց այսօր անազատության մեջ են Վարդենիսի զինվորական կորպուսի նախկին հրամանատար Արայիկ Հարությունյանը, նրա ծառայակից այլ զինվորականներ, որոնք, ըստ պաշտոնական մեղադրանքի, անգործություն են դրսեւորել եւ թույլ տվել, որ թշնամին մտնի ՀՀ սուվերեն տարածք: Ա. Հարությունյանի մասին Քննչական կոմիտեի ներկայացուցիչը հայտնել է. «Հարությունյանը չի պահպանել կանոնադրության այն պահանջները, որոնք վերաբերում են նրան, որոնք նպատակ ունեն ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունը, շփման գծի անձեռնմխելիության պահպանումը»։ Ի՞նչ է ստացվում․ որ Նիկոլ Փաշինյանն իր կիրթ գործընկերոջը չկրակելու խոստում է տալիս, դրա հետեւանքով զիջում տարածքներ, հետո դատում զինվորականներին ու հանրության աչքում նրանց մեղավոր դարձնում։ 

Այսօր, երբ Տավուշի բնակավայրերի հանձնման հարցն է օրակարգում, զինվորականները թերեւս պատմական շանս ունեն՝ չենթարկվել ապօրինի հրահանգներին, չդառնալ ռեժիմի հանցակիցներ, այլ ցույց տալ դիմադրություն եւ թույլ չտալ, որ միակողմանի զիջումներ տեղի ունենան իրենց պաշտպանությանը հանձնված տարածքներում։ 

Մինչդեռ այս օրերին զինվորական էլիտան կրկին լուռ է՝ «զորավար» Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, ով անգամ նեղ կուսակցական փակ հավաքների ժամանակ է լռում` չհակադրվելով հող հանձնելու նարատիվին: Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ Տավուշի չորս բնակավայրերի հանձնման վերաբերյալ քննարկման ժամանակ Պապիկյանը բացարձակապես կարծիք չի հայտնել։ Նա մի քանի օր առաջ խորհրդարանում քննարկման էր մասնակցում, քննարկումից հետո էլ հետնամուտքով ծլկեց, որ չպատասխանի լրագրողների հարցերին: Փոխարենը  ԶՈՒ շտաբի պետ, հադրութեցի Էդվարդ Ասրյանը նյարդային պատասխաններ տվեց Տավուշի բնակավայրերի մասին՝ հայտարարելով, թե «մենք հող հանձնող չենք»։ 

Արդյոք ԶՈՒ-ն` հանձին Ասրյանի, ակնարկե՞ց, որ համաձայն չէ քաղաքական իշխանության վարած կուրսի հետ, թե՞ նրանք էլ փաշինյանական գծի մեջ են՝ համարելով, որ այդ բնակավայրերը հայկական չեն` ադրբեջանական են, ուստի դա հանձնում չէ, ԳՇ պետը չմանրամասնեց։ Բայց եթե երկրորդն է, ապա ԳՇ պետը պետք է իմանա, որ այդ տարածքները գրավել եւ այսքան տարի պահպանվել են հայկական բանակի` իր նախորդների, Վազգեն Սարգսյանի ուժերով, եւ ինչ անուն էլ դրան տան, դավաճանություն է դրանց հանձնումը թշնամուն:

Ուշագրավ է, որ անցած շաբաթ Գյումրի կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերին եւ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսին գրեթե բաց տեքստով ասաց, որ իրավունք չունեն միջամտելու այս գործընթացին, որը կոչել է «սահմանազատում եւ սահմանագծում»։ «Մենք պետք է գտնենք լուծումներ, թե ոնց ենք մեր երկրի անվտանգությունն ապահովում: Երբ անվտանգություն ենք ասում, առաջինն ասում ենք բանակ, բայց բանակը պետք է վերջում ասենք, որովհետեւ երբ բանակը մտել է գործի մեջ, դա նշանակում է՝ վերջ, ամեն ինչ ավարտվել է, եւ գործը բանակինն է»,- մարտի 23-ին Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հայտարարել է Փաշինյանը՝ խոսելով Տավուշից տարածքների եւ դիրքերի հանձնման պահանջի մասին: «Մենք խոսակցությունը սկսում ենք նրանից, որ անվտանգությունն ապահովելու համար պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ այդ գիծը միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որեւէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա՝ «բա, ասենք, օրինակ, իրենք մեր էս տարածքը վերցրել, չէին տալիս, մենք դրա համար հարձակվեցինք», մնացածն էլ կանտրոլից դուրս եկավ»,- շարունակել է նա:

Մինչդեռ իրականում այն միակողմանի զիջման եւ զորքի հետքաշման գործընթաց է, ինչը ենթադրում է հյուսիսարեւելյան պաշտպանական գծի վերացում եւ նոր գծի` նոր դիրքերի սահմանում, ինչը միանշանակ պահանջում է ԶՈՒ համապատասխան բոլոր օղակների պատասխանատվություն, այսինքն՝ ԶՈՒ ԳՇ-ն պետք է նման որոշում ընդունի` բանակը հետ քաշել գործող դիրքերից եւ տեղակայել նոր դիրքերում, ինչը ստորին օղակները կա՛մ կկատարեն, կա՛մ կդիմադրեն։ 

Հիշեցնենք, որ երրորդ բանակային կորպուսի հրամանատարը գնդապետ Ալեքսանդր Ցականյանն է, ում այդ պաշտոնին նշանակել են 2021-ի հունիսին՝ Գրիգորի Խաչատուրովին ազատելուց հետո: Ցականյանը զինվորական գործում նորեկ չէ, Խաչատուրովի հրամանատարության ժամանակ էլ պատասխանատու պոստ է զբաղեցրել երրորդ բանակային կորպուսում, մեծ ավանդ ունի հայրենիքի պաշտպանության գործում, ուստի կարող է չենթարկվել  ապօրինի որոշմանը։ Նոյեմբերյանի զորամասի հրամանատար Գարիկ Մուրադյանն էլ ապրիլյան քառօրյայի մասնակիցներից է, նրան էլ են տեղացիները որպես հայրենասեր բնորոշում, իսկ Իջեւանի կորպուսի հրամանատար Արտյոմ Ֆիդանյանը բոլորովին վերջերս է նշանակվել զորամասի հրամանատար՝ երկու ամիս առաջ։ Ստեփանավանից է, 35 տարեկան, քաղաքական հայացքներով հարում է գործող իշխանություններին եւ, ասում են` պատրաստ է կատարելու ցանկացած հրաման։
Ի դեպ, այս օրերին լռում են նաեւ բանակից հեռացած զինվորականները` նույն Գրիգորի Խաչատուրովը, հայրը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, բոլոր գեներալները, ԵԿՄ անդամները: