Search
Close this search box.

Ով է տեսել համայնքի համար նման կարևոր հարցի նկատմամբ համայնքապետը նման անտարբերություն դրսևորի. Վեդիում ցանականում է նոր ցեմենտի գործարան կառուցել

Վեդիում իշխանությունը ցանականում է նոր ցեմենտի գործարան կառուցել, օրենքի համաձայն հանրային քննարկում է կայանում, բայց Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը բացակայում է:

Ո՞վ է տեսել համայնքի համար նման կարևոր հարցի նկատմամբ համայնքապետը նման անտարբերություն դրսևորի: Արդյո՞ք նրան չի հետաքրքրում իր համայնքի բնակիչների կարծիքը, թե նա լավ էլ գիտի, որ համայնքի բնակիչները բացասական վերաբերմունք ունեն նոր գործարանի կառուցմանը, բայց քանի որ հնարավոր է, վերևից ցուցում կա, որ գործարանն այնուամենայնիվ պետք է կառուցվի, որոշել է չմասնակցել հանրային քննարկմանը, որը իրականում իրականացվում է ձևի համար, և ոչ մի էական նշանակություն չի ունենալու որոշում կայացնելու և կայացնողների վրա:

Իշխանությունը գործարանի կառուցման համաձայնություն է տվել մի մարզում, որտեղ արդեն գործում է նման գործարան. Արարատի ցեմենտի գործարանը, որը տարիների պատմություն ունի, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, և նոր գործարանի կառուցման դեպքում, երբ առանց այն էլ փոքր շուկան կհեղեղվի ցեմենտով, կարող են կորցնել աշխատանք և եկամտի աղբյուր:

Ամենաշուկայական տնտեսություն ունեցող Միացյալ Նահանգներում, եթե որևէ մեկը նույնիսկ խանութ կամ ռեստորան է կառուցում, քաղաքային իշխանությունները թույլտվություն տալուց առաջ ուսումնասիրում են, թե այն վայրը, որտեղ ծրագրվում է կառուցվել նոր օբյեկտը, կան համանման այլ խանութներ կամ ռեստորաններ, և որքանով նոր կառուցվողը կազդի հարակից օբյեկտների շահութաբերության վրա: Եվ միայն բոլորի շահերը հաշվի առնելով է կայացվում որոշում, Էլ ուր մնաց, որ գործարանի դեպքում նման անհեռատես քաղաքականություն է իրականացվում:

Արդեն գործող գործարանի աշխատակիցները պայքարում են իրենց աշխատատեղի ու ապրուստի համար, նրանց մեղադրում են ուղղվորդված լինելու մեջ. այո նրանք ուղղորդված են, մարդիկ գործում են հանուն իրենց, իրենց ընտանիքների ապագայի․ դրանից մեծ ուղղորդում:

Համայնքի բնակիչները մտահոգված են, որ նոր հանքի շահագործումը էկոլոգիական խնդիր կառաջացնի, փոշին կծածկի իրենց այգիները, իրենք շնչահեղձ կլինեն: Ջուր չկա այգիները ոռոգելու համար, իսկ գործարանը հսկայական ծավալի ջրօգտագործող է լինելու, այդ ջուրը վերցվելու է գյուղացիներից: Նրանց պատասխաում են, որ եռաշերտ անտառ է տնկվելու, որը համայնքի բնակիչներին պաշտպանելու է փոշուց: Իսկ ինչ երաշխիք, որ այդ անտառը տնկվելու է, կամ երբ է տնկվելու. Անտառը՝ անտառ դառնալու համար 15-20 տարի է պետք, իսկ այդ ընթացքում մթնոլորտը աղտոտվելու է, մարդիկ փոշի են ուտելու:

Նոր հանքավայրի շահագործումը վտանգի տակ է դնելու տարածքում ապրող կենդանական և բուսական աշխարհի բազմաթիվ տեսակներին, այդ թվում՝ Կարմի գրքում գրանցված, ոչնչացման վտանգի տակ գտնվողներին: Հանրային քննարկման մասնակիցներից մեկը ներկայացրել է Վայրի բնության հիմնադրամի եզրակացությունը, ըստ որի հանքավայրի շահագործումն անթույլատրելի է, եթե նույնիսկ Հայաստանում ապրող միակ արու ընձառյուծն է այդ տարածքի բնակիչը:

Բայց գործարանի ներկայացուցիչները քամահրանքով են վերաբերվում նման հեղինակավոր միջազգային կառույցի եզրակացությանը: Իրենց համար կարևորը ոչ մարդիկ են, ոչ բնությունը, իրենց համար էականն իրենց շահն է, այսրոպեական եկամուտ ստանալու մարմաջը:

Հնարավո՞ր է կանգնեցնել նոր հանքավայրի շահագործումը և նոր ցեմենտի գործարանի կաուցումը. եթե համայնքի բնակիչները միասնական և հետևողական լինեն իրենց պայքարում, ապա իշխանությունը կարող է ընկրկել, զիջել:

Ի վերջո, գործարանի սեփականատերերը հաստատ չեն շնչելու այդ օդը, և իրենք չէ, որ զգալու են ջրի պակասը, դրա համար վերջնական խոսքը ևս պետք է լինի համայնքի բնակչներինը:

ArmLife.am