Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցները համակարգված հարձակnւմ են սկսել Գորիսի քաղաքապետի նկատմամբ

Արդեն մեկ շաբաթ է, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցները համակարգված հարձակում են սկսել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ՝ նրան մեղադրելով Նիկոլ Փաշինյանին Գորիսում դիմավորելու և նրա ձեռքը սեղմելու մեջ:

Առուշանյանի չակերտավոր մեղքն այն է, որ նա նախկինում լինելով Փաշինյանի իշխանության քննադատ, հիմա սեղմում է նրա ձեռքը: Եվ ով է քննադատում Առուշանյանին. մարդիկ ովքեր առաջինն են լքել խրամատը, մարդիկ ովքեր իրականում համագործակցում են Փաշինյանի իշխանության հետ, բայց դերասանություն են անում, թե ընդդիմադիր են: Ընդդիմադիր լինելը միայն խոսքով չէ, այլ գործով, գործունեության արդյունքով:

Առուշ Առուշանյանի, գորիսցիների, սյունեցիների տված ձայներով շատ, այսպես կոչված, ընդդիմադիրներ հայտնվեցին խորհրդարանում, և նստած են պատգամավորական փափուկ բազմոցներին:

Ո՞վ առաջինը հրաժարվեց պայքարից`Առուշ Առուշանյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցները, որ վազեցին ու Նիկոլ Փաշինյանից վերցրեցին պատգամավորական մանդատները` ապացուցելով, որ իրենց պայքարը ոչ թե հանուն Արցախի և Սյունիքի փրկության էր, այլ բացառապես այդ մանդատների:

Մի՞թե իրենց ասած դավաճան ու հողատու իշխանությունից մանդատ վերցնելը ձեռքսեղմում չէր այդ նույն իշխանության ու դրա ղեկավար Փաշինյանի հետ, մի՞թե նրանք դրանով չճանաչեցին Փաշինյանի իշխանությունը, հնարավորություն տալով, որ Փաշինյանը շարունակի իր ազգակործան գործունեությանը:

Եթե իրենց հարցնենք, թե ի՞նչ են արել արդեն երկու տարուց ավելի, կարող են ասել, որ պայքարում են Փաշինյանի իշխանության դեմ, իսկ մենք կասենք, որ նրանք պայքարի իմիտացիա են ստեղծում: Եթե չկա արդյունք, հանուն ինչի է այդ պայքարը, որ պաշտպանեն իրենց տեղը ընդդիմադիր դաշտում, ընդդիմություն աշխատեն Փաշինյանի մոտ:

Գուցե Առուշ Առուշանյանի մեղքն այն է, որ, ի տարբերություն չակերտավոր ընդդիմադիրների, նա չի տիրապետում դերասանական տաղանդի, և չի ցանկացել Փաշինյանի հետ պայմանավորվել և նրա մոտ ընդդիմադիր աշխատել: Առուշանյանն ասում է, որ ինքը շարունակում է լուծել իր համայնքի առաջ կանգնած խնդիրները, ի տարբերություն շատերի, որ զբաղված են բացառապես սեփական շահերը առաջ տանելով:

Արդյո՞ք Առուշ Առուշանյանին քննադատողները մտածում են հայ ժողովրդի, Հայաստանի կամ Արցախի մասին՝ բացարձակապես ոչ, այդ մարդիկ քննադատում են Առուշանյանին, և Սյունիքի մյուս քաղաքապետերին՝ միայն իրենց և իրենց ապագայի համար մտահոգվելով: Առուշանյանին քննադատողները գիտեն, որ իրենք ինքնուրույն չեն կարող նույնիսկ 10 ձայն ստանալ, իրենք ինքնուրույն Ազգային Ժողովի պատգամավոր չեն, որևէ գյուղում ավագանի ընտրվել չեն կարող:

Իրենք սարսափով մտածում են, որ եթե Առուշ Առուշանյանը, Սյունիքի մյուս քաղաքապետերն այլևս չաջակցեն իրենց, իրենք ինչպես են պատգամավոր ընտրվելու, ինչպես են արտասահմանյան գործուղումների գնալու իրենց կողմից այդքան ատելի փաշինյանական իշխանության ներկայացուցիչների հետ:

Առուշ Առուշանյանին քննադատողներ, դուք ոչ թե Փաշինյանի ձեռքն եք սեղմում, դուք վաղուց Փաշինյանի իշխանութան գրկում եք, ջերմ գրկախառնված այդ իշխանության հետ: Այնպես որ, ամոթ ունեցեք, և մի արեք քայլեր, որոնք ավելի են խայտառակում ձեզ, քան արդարացնում:

ArmLife.am