Search
Close this search box.

Թաղային հեղինակությունները կոնկրետ հանձնարարություն են կատարելու

Երբ իշխանությունը կորցնում է հանրային աջակցությունը, բայց խնդիր է դնում ամեն գնով վերարտադրվել, միջոցների ընտրությունը այնքան էլ մեծ չէ: Այդ պատճառով էլ գործող իշխանությունը Երևանի ավագանու ընտրությունների է գնում օգտագործելով այն նույն գործիքակազմերը, որոնք օգտագործում էին նախորդ իշխանությունները`վարչական ռեսուրս, կրիմինալ, ընտրակեղծիք: Այսօր ուզում ենք մի փոքր ավելի մանրամասն անդրադառնալ կրիմինալի կամ քրեական էլեմենտի օգտագործմանը:

Կրիմինալը հասարակության այն հատվածն է, որը իր գործունեության բնույթով մշտապես հայտնվում է իշխանության իրավապահ կոչվող մարմինների ուշադրության կենտրոնում: Կրիմինալի ներկայացուցիչները, եթե անգամ այսօր ազատության մեջ են, ապա գիտեն, որ վաղը կարող են լինել կալանավայրում, կամ եթե իրենք կալանավայրում չեն, ապա կալանավայրում են նրանց ընկերները և մտերիմները, այնպես որ, իշխանությունների հետ պայմանավորվելու և փոխշահավետ համաձայնություններ ձևավորելու լայն դաշտ կա:

Մեր հասած տեղեկություններով այդ համաձայնությունները արդեն կայացված են, պայմանավորվածությունները ձեռք են բերված: Դրանք դրսևորվում են հիմնականում անազատության մեջ գտնվող անձանց կալանքի ժամկետները փոքրացնելուն, կամ եթե վճիռներ դեռ կայացված չեն, և գործերը գտնվում են դատարաններում ավելի մեղմ պատժաչափերի սահմանմանը՝ դատավորների կողմից:
՛
Իշխանությունը դրա փոխարեն ակնկալում է, որ կրիմինալի ներկայացուցիչները ամբողջ ուժով կլծվեն իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին: Սակայն ի տարբերություն նախորդ իշխանությունների, սրանք կատարել են մի շարք նորամուծություններ:

Եթե նախկինները թաղային հեղինակություններին հանձնարարում էին իշխանության թեկնածուի համար աշխատել տակից, անհարմար զգալով ցույց տալ, որ թաղային խուժանը հրապարակային աջակցում է իրենց, ապա հիմա խաղի կանոնները փոխվել են`թաղային հեղինակություններին հանձնարարում են գործել հրապարակային:

Օրինակ, ասում են հանձնարարված է, որ թաղային հեղինակությունը իր աջակցության մասին տեղեկացնի իր թաղի բնակիչներին, և դա անի ոչ թե հեռախոսազանգի կամ անձնական զրույցի միջոցով, այլ հատուկ տպագրված քարոզչական թերթիկներով: Մի քանի երիտասարդ աղջիկներ այդ քարոզչական թերթիկները տնետուն բաժանելու են տվյալ թաղամասում, որի վրա գրված է լինելու, որ այս կամ այն անձը Երևանի ավագանու ընտրություններում պաշտպանում է ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանին և իրենց ևս կոչ է անում հետևել իր օրինակին:

Ինչի համար է նման հրապարակայությունը, արդյոք միայն նրա համար որ հեղինակազրկեն թաղային հեղինակություններին, և ցույց տան, որ նրանք կատարում են իշխանության պատվերը: Սա իհարկե իր դերն ունի, հնարավոր է նաև, որ դրանով տեղ չեն թողնում, որ թաղային հեղինակությունները տակից ուրիշ բան անեն, քանի որ թաղային հեղինակությունների մեծ մասը, ինչպես ամբողջ հասարակությունը, ըստ տարբեր հարցումների, ատում է գործող իշխանությանը: Բայց նման հրապարակայնությունը ունի ավելի լուրջ նշանակություն:

Ոչ վարչական ռեսուրսի գործադրումը, ոչ թաղային հեղինակությունների աջակցությունը իշխանությանը չի կարող բերել ցանկալի հաղթանակ: Իշխանությունը քվեաթերթիկներով չի կարողանալու հաղթել, քանի որ հասարակության մեծ մասը դեմ է քվեարկելու ՔՊ թեկնածուին: Նույնիսկ նրանք, ովքեր հարցումների ժամանակ վախից, կամ ինչ որ այլ նկատառումներից ելնելով ասում են, թե աջակցում են իշխանությանը կամ ընտրության չեն գնալու, կամ գնալու դեպքում քվեարկելու են իշխանության թեկնածուի դեմ:

Ինչպես բոլոր ժամանակներում, իշխանության հիմնական և միակ ռեսուրսը ընտրակեղծիքն է, քվեարկության ավարտից հետո հայտարարելը, որ իրենք ստացել են ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, անկախ նրանից, թե ինչպես են քվեարկել ընտրողները: Վերատադրվելու այլ տարբերակ չկա:

Բայց որպիսի կեղծիքը շատ ակնհայտ չլինի, որ հասարակությունը չասի թե ինչպես եղավ, որ մենք քվեարկեցինք այլ թեկնածուի օգտին, իսկ դուք հայտարարեցիք ձեր հաղթանակի մասին, ՔՊ-ն նման քայլերով փորձում է աջակցության տպավորություն ստեղծել, ուզում է համոզել, որ ինքն էլ կողմնակիցներ ունի`իրենց թեկնածուին աջակցում էին թաղային հեղինակությունները, իսկ նրանք կարող էին վճռորոշ ազդեցություն ունենալ ընտրություններում:

Մինչև վերջերս և նույնիսկ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությանը հաջողվեց հասարակությանը խաբել, որ ընտրությունները անցել են ժողովրդավարական և արդար, իսկ արդյունքները եղել են հենց այնպիսին, ինչպես քվեարկել են ընտրողները:

Այս ընտրություններում իրավիճակը էականորեն փոխվելու է. հասարակությունը տեսնելու է, որ իրեն իբրև թե ժողովրդավարության դրոշակակիր հռչակած Փաշինյանի դիմակը, որքան էլ հմուտ պատրաստված լինի, և հարմարեցված այն կրողի իրական դեմքը թացքնելու համար, ժամանակի ընթացքում մաշվում է, և մարդկանց առաջ բացվում է այն սարսափելի ու նողկալի տեսարանը, որը նրանցից հմտորեն թաքցվել է: Դիմակը նոր չի պատռվելու, այն արդեն չկա, ընտրությունները ընդամենը արձանագրելու են դրա բացակայությունը:
Armlife.am