Search
Close this search box.

Ի՞նչ հիմնական ուժերի միջև է ընթանալու պայքարը Երևանի ավագանու ընտրություններում

Երևանի ավագանու ընտրություններից գրեթե մեկ ամիս առաջ տեսանելի է, թե ինչ հիմնական ուժերի միջև է ընթանալու պայքարը:

Ընտրություններին մասնակցելու ցանկություն, հնարավորություն, և առաջադրանք ունեցող կուսակցությունները արդեն մասնակցության հայտ ներկայացրել են:

Ցավոք դրանց մեջ մեծամասնություն են կազմում այսպես կոչված անմարդաբնակ կուսակցությունները, որոնք ավագանու ընտրություններին կմասնակցեն ինչպես ասում են ՔՊ-ի և անձամբ Նիկոլ Փաշինյանի առաջադրանքով՝ ձայն փախցնելու և նախընտրական ժխոռ առաջացնելու համար: Դրանց մի մասին մենք անդրադարձել ենք, մյուսներին կանրադառնանք մինչև ընտրություններ: Հիմա ուզում ենք խոսել, թե ում միջև է ընթանալու իրական պայքարը:

Ունենալով ֆինանսական, վարչական և քարոզչական գրեթե անսահմանափակ ռեսուրս՝ նախընտրական պայքարի մեջ մտած ՔՊ-ն և նրա քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը փորձելու են դրանով լրացնել հանրային աջակցության ռեսուրսի պակասը, իսկ եթե ավելի ճիշտ բացակայությունը: Անկախ սոցոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ գործող իշխանության վարկանիշը 10-13 տոկոսի շրջանակներում է, այն անընդհատ մաշվում է, և մինչև սեպտեմբերի 17 էլ ավելի է պակասելու: ՔՊ-ի հույսը վարչական ռեսուրսն է`պետությունից աշխատավարձ ստացողները, որոնց ստիպելու են քվեարկել ՔՊ-ի օգտին վախեցնելով, որ նոր իշխանությունը իրենց կզրկի աշխատավայրից և աշխատավարձից:

Սա քիչ աշխատող սպառնալիք է, որովհետև այդ մարդիկ սովոր են, որ տարբեր իշխանություններ իրենց նույն կերպ սպառնացել են, բայց անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին, գրագետ և բանիմաց աշխատողի կարիք միշտ էլ եղել է:

ՔՊ-ի շնորհիվ վարչական ապարատում հայտնված կիսագրագետները անշուշտ կքվեարկեն, բայց նրանց տեսակարար կշիռը մեծ չէ, ընտրության արդյունքների վրա ազդեցությունը՝ չնչին:

Իշխանության մյուս ռեսուրսը քրեական հեղինակություններն են, թաղային խուժանը, որին սրանք իբրև թե մերժում էին, մինչև այն պահը, երբ հասկացան, որ իշխանությունը պահելու հարցում թաղային խուժանը կարող է իրենց ինչ-որ օգնություն ցույց տալ: Սա գուցե ռեսուրս է, բայց ոչ կայուն և հուսալի, քանի որ աճող հանրային գիտակցության պայմաններում թաղային հեղինակությունների դերը ևս էականորեն նվազել է:

Բացի այդ թաղային հեղինակությունները ևս հասկանում են, որ իշխանությունը իրենց օգտագործում է որպես սպառման նյութ <расходный материал>, այսօր գլուխները կշոյեն, վաղը՝ «վզները կկտրեն»: Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Ավինյանի միակ իրական ռեսուրսը մնացել է ինչպես ասում են, ընտրակեղծիքը: Փաշինյանը և նրա քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հասկանում են, որ իրենց նկատմամբ հանրային զզվանքի ու նողկանքի պայմաններում իրենք կարող են ոչ թե հաղթել, այլ հայտարարել իրենց հաղթանակի մասին: Իսկ նման բան կարող է թույլ չտալ միայն կազմակերպված և ուժեղ ընդդիմությունը, ով գրագետ կկազմակերպի կեղծիքի դեմ հանրային պայքարը:

Եթե իշխանության դեպքում ամեն ինչ պարզ է, ապա ընդդիմության դեպքում որոշակի անորոշություն դեռ պահպանվում է: Ավագանու ընտրություններին մասնակցելու մասին է հայտարարել Հայաստան խմբակցության պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը:

Թևանյանը նպատակ ուներ դառնալ միասնական ընդդիմության թեկնածուն, բայց նրան պաշտպանելու մասին չի հայտարարել անգամ Հայաստան խմբակցությունը, դրա մասը կազմող ՀՅԴ-ն, իսկ խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցության Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը վերջերս հստակ հասկացրեց, որ ՀՀԿ-ն չի պաշտպանելու Թևանյանի թեկնածությունը: Նման պայմաններում կգնա Թևանյանը ընտրությունների, թե հանգամանքների պարտադրանքով կհրաժարվի պայքարից, կևրևա առաջիկայում, մանավանդ որ մինչև այժմ հայտնի չէ, թե նա որ կուսակցությունով է առաջադրվելու:

Մյուս ընդդիմադիր ուժը, որն ունի իրական հաղթանակի հնարավորություն, «Ապրելու երկիր» կուսակցությունն է: Ապրելու երկիրը ընտրությունների է գնում Երևանի ավագանու ընտրությունները ՔՊ-ի և նրա առաջնորդի անվստահության հանրաքվեի վերածելու կարգախոսով: Իշխանափոխության փորձեր վերջին երկուսուկես երեք տարիների ընթացքում շատ են եղել, այդ թվում Հայաստան դաշինքի ու նրա առաջնորդների կողմից, բայց փողոցային պայքարով դրան հասնելու փորձերը տապալվել են: «Ապրելու երկիր»-ը առաջարկում է գնալ սահմանադրական ճանապարհով`ընտրությունների ժամանակ «ոչ» ասել իշխող ուժին և նրա ցուցակին ու դրանով իշխանափոխություն իրականացնել Երևանում, իսկ քանի որ Երևանը Հայաստանի սիրտն է, նրա կեսը և դեռ մի բան էլ ավելը, ՔՊ-ն Երևանում իշխանությունը կորցնելուց հետո, այն կկորցնի ամբողջ երկրում: Կհաջողվի «Ապրելու երկիր»-ին հասնել իր նպատակին, առաջին հերթին կախված է այդ կուսակցության առաջնորդների վճռականությունից և հետևողականությունից: Ինչպես արդեն նշեցինք, ՔՊ-ն հայտարարելու է իր հաղթանակի մասին, եթե անգամ ստանա երևանցիների ձայների 10 կամ 5 տոկոսը: Մնում է, որ ընդդիմությունը թույլ չտա, որ այդ հայտարարությունը վերածվի իրականության, իշխանության հերթական անօրինական և բռնի զավթման:

Ընտրությունը շատ նման է քննության, որին մասնակից քաղաքական ուժերը ցույց են տալիս, թե ինչի են իրենք ունակ, և որքանով են կատարել տնային հանձնարարությունը: Մի բան է հանրության վստահությունհը վայելելը, մեկ այլ բան այդ վստահությունը արդարացնելը:

Armlife.am