Search
Close this search box.

Դրոն-դրոն, քաղաքական «գռդոն»

Շարունակելով Երևանի ավագանու ընտրություններին այսպես ասած իշխանության կողմից հավաքագրված և ընտրական պրոցեսը հարամելու համար դաշտ նետված, իրավական գրանցում ունեցող, բայց քաղաքական դաշտում գոյություն չունեցող կուսակցությունների մասին մեր պատումը, այս անգամ որոշեցինք անդրադառնալ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությանը, և դրա նախագահ Արման Ղուկասյանին: Այն, որ նա Փաշինյան Նիկոլի և նրա իշխանության կայուն քաղաքական հաճախորդն է, ապացուցում է այն պարզ փաստը, որ Ղուկասյանի կազմակերպած ֆեյք համագումարը լուսաբանվել է փաշինյանական ընտանիքին պատկանող և ընտանիքի քաղաքական շահերը սպասարկող «Հայկական ժամանակ» կայքի կողմից:

Այս կայքի կողմից ցանկացած կուսակցության գործունեության լուսաբանում ենթադրաբար նշանակում է միայն մի բան, տվյալ կուսակցությունը հնազանդորեն ծառայում է փաշինյանական իշխանության շահերին, բնականաբար, երնթադրվում է, ոչ առանց սեփական շահի:

Կուսակցության համագումարի մասին պատմող ՀԺ-ի նյութում ասվում է.« Իր ելույթում կուսակցության վերընտրված նախագահ Արման Ղուկասյանը ներկայացրել է այն թեզերը, որոնց հիմքով կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել առաջիկա ընտրություններին: Ընտրվել է նաև կարգախոս՝ «Դու կարո՛ղ ես»»․ Դու-ն երևի Նիկոլ Փաշինյանն է:

Ինչպես արդեն գրել ենք, հուլիսի 15-ին տեղի է ունեցել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ֆեյք համագումարը, որի ժամանակ իբրև թե որոշվել է, որ կուսակցությունը մասնակցելու է սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին: Ինչու ֆեյք, քանի որ այս կուսակցությունը ոչ միայն համագումարի պատվիրակներ չունի, այլ կուսակցության համապատասխան քանակի անդամներ: Համագումարից հետո մենք հարցումների միջոցով պարզեցինք, որ համագումարի սրահ «բերման ենթարկված» մի քանի տասնյակ մարդիկ, տեղյակ չէին թե ուր են իրենք գնացել, որ կուսակցության համագումարին են ներկա, և ընդհանրապես իրենք ինչ կապ ունեն այդ կուսակցության հետ:

Մեր այս բացահայտումը խիստ զայրացրեց կուսակցության նախագահ Արման Ղուկասյանին, բայց հույս ունենք, որ նա գոլ ջուր խմած կլինի, ինչը որոշ դեպքերում նյարդերը հանգստացնելու և ինքնատիրապետումը վերականգնելուն շատ է օգնում, ինչը չափազանց կարևոր է առաջադրանքը մինչև վերջ հասցնելուն:

Ինչպես Արման Ղուկասյանն է «բերման ենթարկել» մի քանի անփորձ բայց մի քանի կոպեկի կարոտ երիտասարդների, նույն ձևով, ասում են, իշխանություններն են «բերման ենթարկել» Արման Ղուկասյանին և մյուս դրոն կուսակցություններին, ուղղակի վճարի չափն է տարբեր:

Ի վերջո, իշխանության կողմից «բերման ենթարկվածներն» էլ, ըստ, օդում կախված լուրերի, տարբեր կերպ են խրախուսվում՝ մեկը շատ, մեկը քիչ, կախված ծառայությունների որակից և մակարդակից, կախված նրանից, թե Փաշինյանի իշխանությունն ում` որքան է գնահատում և իշխանության գնահատականով ով` ինչքան ձայն կփախցնի:

Բայց Արման Ղուկասյանի և նրա կուսակցության դերակատարումը կարող է այլ ձևակերպում էլ ունենալ: Ղուկասյանն իրեն դիրքավորում է իբրև թե պրոռուսական գործիչ, շատ դեպքերում հանդես է գալիս Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելու և զարգացնելու օգտին: Փաշինյանի հակառուսական իշխանությունը սա ևս հաշվի է առել: Եթե Երևանի ավագանու ընտրություններում «Հանուն սոցիալական արդարություն» կուսակցությունը ստանա 0,01 տոկոս ձայն, իսկ դրանից ավել կուսակցությունը դժվար թե ստանա, Հայաստանի իշխանությունները կկարողանան ասել, որ հենց այդքան աջակցություն ունեն Հայաստանի պրոռուսական ուժերը, մինչդեռ ՔՊ-ն և նրա արևմտամետ դաշնակիցները վայելում են հասարակության 99 տոկոսի վստահությունը: Այսպիսիով մի քանի կոպեկ ծախսելով իշխանությունը լուծում է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցեր. մի խոսքով՝ մի գնդակով մի քանի նապաստակ: Կարևորը, որ նապաստակները իրենք են պարաստ ինքնակամ հայտնվել թիրախի կարգավիճակում:

Ցավոք, քաղաքական գռդոնը դարձել է ամենաեկամտաբեր փեշակներից մեկը. դրա համար ոչ մեծ խելք է պետք, ոչ ինտելեկտ: Ընդհակառակը, պետք է մարդկային և բարոյական որակների բացակայություն, մի քիչ էլ թատերական և դերասանական հմտություններ, ստելու և սեփական սուտը որպես ճշմարտություն մատուցելու համար:

Հիշեցնենք, որ Armlife.am-ը սկսում ենք շարք՝ դրոն կուսակցությունների մասին, փորձելով հերթով բացահայտել դրանց գործունեության շարժառիթները, բացահայտել, թե դրանցից յուրաքանչյուրը ինչի համար է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, և ինչ է ստանալու դրա դիմաց:
Ինչու դրոն, որովհետև այդ կուսակցություններում մարդ չկա, կամ գրեթե չկա, այնքան չկա, որ նրանք չեն կարողանում նույնիսկ համալրել իրենց ավագանու ցուցակները: Բացի այս, ինչպես դրոնները, այս կուսակցությունները ևս ունեն արտաքին կառավարում:

ArmLife.am