Search
Close this search box.

Տիգրան Ավինյանը բոլոր ՔՊ-ականներից ամենա ՔՊ-ական է

Ավինյանը իր քարոզարշավը որոշել է կառուցել հանրային կարծիքի մանիպուլյացիայի վրա, մարդկանց մոլորեցնելու միջոցով:

Հասկանալով որ իր ներկայացրած քաղաքական թիմը`Քաղաքացիական պայմանագիրը, ամենատարբեր հարցումներով անգամ, չունի հանրային վստահության վարկանիշ, որ ոչ մի գիտակից երևանցի Երևանի ավագանու առաջիկայում կայանալիք ընտրություններում չի գնա ու իր ձայնը չի տա Արցախը թուրքին հանձնած, ազգային շահերը անվերջ ոտնհարող, Հայաստանը ավերակների վերածած իշխանությանը, փորձում է ընդդիմադիր ձևանալ:

Ավինյանը տարբեր լրատվամիջոցների միջոցով լուրեր է տարածում, որոնց էությունն այն է, որ իր և ՔՊ-ի միջև տարաձայնություններ կան, իր և ՔՊ-ականների միջև լարվածությունը այն աստիճանի է հասել, որ կարող է նույնիսկ իրար կոկորդ կտրեն:

Մի խոսքով Ավինյանը <չուտ լի նի> ամենաընդդիմադիրն է լինելու ՔՊ-ին` Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Սա նիկոլական քարոզչության ամենատարածված հնարքներից մեկն է. հինգ տարուց ավելի լինելով իշխանություն, իրենք փորձում են ընդդիմություն խաղալ: Եթե իշխանության առաջին տարիներին այս խաղը ինչ- որ կերպ ստացվում էր, արդյունք էր տալիս, հիմա արդեն բացահայտ է ու նողկանքից բացի այլ զգացողություն չի առաջացնում:

Իրականությունն այն է, որ երևանցիների, և ոչ միայն երևանցիների զգալի մասը ուղղակի զզվում են ՔՊ-ից և քպականներից, և չեն էլ թաքցնում իրենց զզվանքը:

Ավինյանին հանրային հանդիպումների ժամանակ դիմում են այն նույն էպիտետներով, ինչ Արցախը և Հայաստանի որոշ տարածքներ թշնամուն հանձնած ցանկացած ՔՊ-ականի`դավաճան, կապիտուլյանտ, հողատու: Ազգային շահերին դավաճանությունը, պետությունը պարտության և կործանման տանելու պատասխանատվությունը չի կարող անհատական լինել, չի կարող լինել միայն Նիկոլ Փաշինյանինը, այն քաղաքական է և կոլեկտիվ: Դրա համար պատասխանատվություն ունեն բոլոր ՔՊ-ականները, այդ թվում և Տիգրան Ավինյանը, որպես կարկառուն ՔՊ-ական, որպես Փաշինյանի գաղափարակից:

Մամուլով լուրեր տարածելը`թե ինքը ՔՊ-ականների հետ ծանր խոսակցություն է ունեցել, որ ՔՊ-ականներին մերժել է քարոզարշավը տանել սևի-սպիտակի տրամաբանությամբ, ՔՊ-ականներին ասել է, որ նրանք ապօրինի շինթույլտվության հարցերով իրեն չդիմեն, և նման այլ մանր ու էժան քարոզչական տրյուկները չեն անցնում, երևանցիներին նման ձևով հնարավոր չէ խաբել: Փաշինյանը և իր քաղաքական թիմը վաղուց են հայ հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների. սևերը մի խումբ ՔՊ-ականներն են, որոնցից հասարակությունը փորձելու է ազատվել և Երևանի ավագանու ընտրությունները հերթական լավ հնարավորությունն են այդ ուղղությամբ քայլ անելու համար, իսկ հասարակության 99 տոկոսը սպիտակներն են, ովքեր ուզում են իրենց երկրի և քաղաքի վրայից մաքրել ՔՊ-ական սև բիծը:

Ընդդիմություն խաղալ, ընդդիմություն ձևանալ, և դրանով փախցնել հակաքպական ընտրազանգվածի ձայները չի հաջողվելու: Մարդիկ հասկանում են, որ Ավինյանը կարկառուն ՔՊ-ական է, ավելի ՔՊ-ական, քան որևէ մեկը, որ Ավինյանից ավելի ՔՊ-ական մեկ էլ երևի Նիկոլ Փաշինյանն է: Ընտրողների վերաբերմունքն էլ Ավինյանի նկատմամբ լինելու է համապատասխանաբար`ազատել երկիրը և Երևանը նրանց իշխանությունից:

Պատկերացնում եք, ցինիզմը ուր է հասել. մի կողմից բազմաթիվ կուսակցությունների տարբեր մեթոդներով պարտադրում են մասնակցել ավագանու ընտրություններին, որ իբրև թե ընդդիմություն խաղան, ընդդիմադիր ընտրազանգվածը մասնատեն, դրանով էլ չբավարարվելով իրենք էլ են ընդդիմություն խաղում:

Հարց է առաջանում, իսկ երկրում, Երևանում իշխանություն կա, ով է իշխանությունը, եթե դուք էլ եք ընդդիմություն:
Իրականությունն գուցե այն է, որ իսկապես մենք ապրում ենք անիշխանության պայմաններում, և այս անիշխանությունից դուրս գալու համար պետք է սկսել իշխանության լեգիտիմ`հանրային վստահություն և հարգանք ունեցող իշխանության մարմինների ձևավորումը, և այն պետք է սկսել Երևանից:
Armlife.am