Search
Close this search box.

Տիգրան Ավինյանի ճանապարհային «բարեփոխումները» Երևանը կանգնեցրել են տրանսպորտային կոլապսի առաջ

Ինչպես և կանխատեսել էինք, ինքնահռչակ քաղաքապետ Տիգրան Ավինյանի ճանապարհային «բարեփոխումները» Երևանը կանգնեցրել են տրանսպորտային կոլապսի առաջ: Արդեն մի քանի օր է` վարորդները բողոքում են, որ Նոր Նորքը դարձել է անանցնելի:

Խցանումները այնքան մեծ են, որ մարդիկ կես ժամ կարող են կանգնել խցանման մեջ, և այդպես էլ չհասնել իրենց ուզած վայր: Պատճառն այն է, որ Ավինյանը որոշել է ճանապարհի երթևեկելի մի մասը հատկացնել հանրային տրանսպորտին, դրանով իբրև թե դյուրացնելով հանրային տրանսպորտի աշխատանքը: Նախընտրական այս հնարքը կարող է տևել մինչև ընտրություններ, երբ գործող իշխանությունը պարտվի և Ավինյանը հեռացվի քաղաքական թատերաբեմից, կամ դա կանեն իրենք, հասկանալով իրենց կատարածի անիմաստությունն ու առաջացրած հետևանքների ծանրությունը:

Աշխարհի տարբեր երկրներում նման պրակտիկա գոյություն ունի, երբ ճանապարհի մի երթևեկելի գոտին հատկացվում է հանրային տրանսպորտին, բայց այն կիրառելի չէ Երևանի համար այն պարզ պատճառով, որ Երևանի փողոցները չափազանց նեղ են, և երբ երկու երթևեկելի գիծ ունեցող և գերծանրաբեռննված ճանապարհի մի երթևեկելի գոտին հատկացնում ես բացառապես հանրային տրանսպորտին, մյուսը խցանվում է, դառնում անանցանելի:

Արդյոք Ավինյանը այդքանը չէր նախատեսել, արդյոք նա այդքան երևակայություն չուներ, նման անհեթեթ որոշում չկայացնելու համար: Չի բացառվում, որ նա իսկապես կարող է այնքան տարված լինել իր հանճարեղությամբ, որ մտածի թե իր լուսավոր գլխում ծագած ցանկացած գաղափար կարող է իրագործվել, և մեծ բարերարություն լինել հասարակության համար: Ավինյանը կարող է մտածել՝ դե եթե ես այդպես եմ որոշել, ուրեմն դա է միակ ճիշտ և ընդունելի լուծումը, ի վերջո ես չեմ կարող սխալվել:

Հնարավոր է և, որ Ավինյանը դա արել է, նախապես իմանալով, որ դա տանելու է տապալման և կոլապսի: Բայց այդ դեպքում ինչ իմաստ ունի անել մի քայլ, երբ նախապես հայտնի է, որ մարդկանց կյանքը հեշտացնելու փոխարեն, առաջանալու են հավելյալ խնդիրներ: Այս հարցը ունի մի քանի բացատրություն, ինչը բացահայտում է գործող իշխանության տրամաբանության ողջ էությունը:

Պարզ է, որ քաղաքային իշխանությունները ի վերջո հրաժարվելու են այս լուծումից, քանի որ այն չի աշխատելու: Բայց մինչև դրանից հրաժարվելը, հանրային տրանսպորտով երթևեկողները կարող են մտածել, որ ահա Երևանի ինքնահռչակ քաղաքապետը իրենց համար մի այնպիսի լուծում է մտածել, որ իրենք չմնան խցանումների մեջ և կարողանան անարգել երթևեկել: Հաճելի զգացողություն է նստել ավտոբուսում, և տեսնել թե ինչպես են հարյուրավոր մեքենաներ կանգնած խցանման մեջ, իսկ դու անարգել երթևեկում ես: Ու դրա համար շնորհակալ լինել Ավինյանին, ով նրանց պարգևել է նման հրաշալի արտոնություն՝ երթևեկել առանց խցանման: Դա կարող է տևել մինչև ընտրություններ, երբ հանրային տրանսպորտից օգտվողները խաբվելով իշխանության տված այդ կոնֆետով՝ կքվեարկեն Ավինյանի օգտին, իսկ ընտրություններից հետո կպարզեն, որ կոնֆետը կերել վերջացրել են:

Չի բացառվում, որ այս նորամուծությունը հանվի մինչև ընտրությունները, դրանով էլ շահելով ավտոմեքենաների տերերի բարյացկամությունը: Կարող են ասել, որ Ավինյանի գլխում մի գաղափար էր առաջացել, որն իրագործեց, հետո հասկացանք, որ դա ապուշություն է, կարող էինք համառել, բայց Ավինյանը հասկացավ և ուղղեց իր սխալը: Գոնե դրա համար պետք է շնորհակալ լինել նրանից, որ հրաժարվել է իր սխալից: Սա նման է փոքր և ոտքը սեղմող կոշիկը հագից հանելու առաջացրած հաճույքին, երբ մարդ հաճույք է վայելում ոչ թե ինչ-որ լավ դրական իրադրաձությունից, այլ ցավի և անհարմարություն առաջացնող զգացողությունից ազատվելուց:

Հա Երևանի քաղաքային իշխանությունները անկարող են մարդկանց համար հաճելի քայլեր անելուց, բայց կարող են արհեստական անհարմարություններ ստեղծել, հետո դրանք վերացնել: Դա ևս մեծ հերոսություն է:

Մյուս բացատրությունն էլ այն է, որ այս նորամուծության արդյունքում հնարավոր կլինի փող աշխատել՝ տուգանելով մարդկանց: Հիմա երբ փողոցի երթեկելի գոտիներից մեկը հատկացվել է հանրային տրանսպորտին, խցանման մեջ մնացած վարորդների մոտ գայթակղություն է առաջանում խախտել կանոնը և երթևեկել այդ բաց գոտով, ու դրա համար տուգանվել`ինչպես պարեկների այնպես էլ տեսաձայնագրող սարքերի միջոցով:

Իշխանության ներկայացուցիչները չեն տուգանվում, նրանք հանգիստ խախտում են երթեկության, և ընդհանրապես ցանկացած կանոն և օրենք: Այս իմաստով ևս նոր կարգը օգնելու է նրանց առավելություն ստանալ շարքային վարորդների և ընդհանրապես շարքային`իշխանություն չունեցող քաղաքացիների նկատմամբ: Իրենց մեքենաները հանգիստ երթևեկելու են հանրային տրանսպորտի համար նախատեսված հատվածներով:

Armlife.am