Search
Close this search box.

Ֆեյք կուսակցությունների սեփականատերերը ավագանու թեկնածուների փնտրտուքի մեջ են․ինչո՞ւ է իշխանությունը այդ ահաբեկչական բջիջներին արթնացնում

Գոյություն չունեցող ժողովրդավարությունը Հայաստանի բրենդ հռչակած Նիկոլ Փաշինյանի վարչակարգը հերթական փորձության նախաշեմին է, որի տապալումը իսկական փորձանք կլինի իշխանության համար:

Աշնանը ՔՊ-ական իշխանությունը պարտադրված է հերթական ընտրությունը կազմակերպել` Երևանի ավագանու ընտրությունը:

Փաշինյանը դեմ չէր լինի, որ իր իշխանությունը հավերժ լիներ և այլևս որևէ ընտրության անհրաժեշտություն չլիներ, բայց պարտադրված ինքը ժողովրդավարությունը Հայաստանի բրենդ է հռչակել և ստիպված է այդ ընտրությունները այնպես կազմակերպել, որ ժողովրդավարության տպավորությունը, շղարշը մնա:

Ընտրակեղծարարությունը պետք է լինի այնքան պրոֆեսիոնալ, այնքան քողարկված, որ դա հանրային լայն զանգվածների համար տեսանելի չլինի, կամ քիչ տեսանելի լինի: Դրա համար գործի է դրվել հանրային մանիպուլյացիաների լայն մեխեանիզմ:

Մենք արդեն առիթ ունեցել ենք գրելու ֆեյք կուսակցությունների մասին, որոնք գործի դրվեցին 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և ավելի մեծ թափով գործի կդրվեն այս տարվա աշնանը կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Ֆեյք կուսակցությունները նման են ահաբեկչական բջիջների, նրանք «քնած» են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց անհրաժեշտությունը չկա, և հանկարծակի արթնանում են, երբ պահանջարկ կա:

Այս կուսակցությունները կարող են տարիներով որևէ քաղաքական գործունեություն չծավալել, նույնիսկ օրենքի խախտմամբ համագումարներ չանցկացնեն, որևէ հանրային հետաքրքրության հարցի վերաբերյալ դիրքորոշում չարտահայտեն: Դրանք նույնիսկ կուսակցություն էլ չեն, որովհետև բացի կուսակցության սեփականատեր-ղեկավարից, դրա անդամների կամ ղեկավար կազմի մասին ոչինչ հայտնի չէ, հնարավոր է, որ ոչ ղեկավար կազմ և ոչ էլ անդամներ այսպես կոչված կուսակցությունը չունի:

Դրանց գոյությունը հասարակությունը հանկարծակի բացահայտում է, երբ ընտրություններ են: Մեր տեղեկություններով, եթե 2021թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցեցին 23 կուսակցություններ և դաշինքներ, ապա Երևանի ավագանու ընտրություններին իշխանությունները պեղել և հայտնագործել են ավելի մեծ թվով կուսակցությունների: Իշխանության և կուսակցության սեփականատիրոջ համագործակցության ձևաչափը շատ պարզ է՝ իշխանությունը վճարում է կուսակցության սեփականատիրոջը մասնակցության դիմաց, սեփականատերը այդ գումարի մեծ մասը իրենով է անում, մի մասով իրականացնում է ընտրական գործընթացում անհրաժեշտ մինիմալ ծախսերը:

Մեզ հասած տեեկություներով այս ընտրություններում ֆեյք կուսակցություններին ընտրություններին մասնակցելու վճարը կազմելու է 250 հազար ամերիկյան դոլար: Իշխանությունների համար մի չնչին գումար, ֆեյք կուսակցությունների սեփականատերերի համար՝ բավական զգալի եկամուտ:

Պայմանները ևս բավական գրավիչ են: Քանի որ իշխանություններին պետք է, որ ֆեյք կուսակցությունները գործունեություն ծավալեն քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում, նրանց հնարավորություն է տրվելու անխնա քննադատել իշխանությանը:

Սահմանափակումներ կլինեն այնքանով, որ չի թույլատրվելու իշխանության և նրա առաջին դեմքերի հասցեին անել վիրավորական արտահայտություններ, օրինակ անվանել հողատու, կապիտուլյանտ, դավաճան:

Բայց դրա փոխարեն կարելի է անընդհատ ասել, որ գործող իշխանությունների գործունեությունը երկիրը հասցրել է անդունդի եզրին, որ այս իշխանությունների հետ երկիրը կամ քաղաքը ապագա չունի, մենք մերժում ենք իշխանությունների կողմից իրականացվող սխալ քաղաքականությունը և նման ընդհանուր բնույթի և չանձնավորված մտքեր:

Սա փոխշահավետ գործարք է: իշխանությունը նման ֆեյք կուսակցությունների միջոցով պառակտում է ընդդիմադիր դաշտը, փոշաիացնում ընդդիմադիր դաշտի ձայները, իսկ ֆեյք կուսակցությունների սեփականատերերը փող են աշխատում, ընդ որում բավականին մաքուր փող, որովհետև ցույց են տալիս, որ իրենք ազնիվ ընդդիմադիրներ են, սկզբունքային գործիչներ, ովքեր ուզում են երկրում ավելի արդար և բարեկեցիկ միջավայր ստեղծել:

Իրականում նրանց պայքարը ոչ թե իշխանության, այլ իրական ընդդիմության դեմ է, այն ընդդիմության, որը ընտրություններին մասնակցում է ոչ թե փող աշխատելու կամ հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու համար, այլ իշխանությանը իրական այլընտրանք ստեղծելու և հաղթելու համար:

Ֆեյք կուսակցությունների միակ դժվարությունն այն է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար պետք է կազմեն ավագանու թեկնածուների ցուցակ: Իրեն հարգող յուրաքանչյուր մարդ թույլ չի տա, որ իրեն մասնակիցը դարձնեն նման կեղտոտ խաղի՝ մի կողմից, և մյուս կողմից՝ իր հաշվին ինչ-որ մեկը փող աշխատի և կարողություն ստեղծի:

Ֆեյք կուսակցությունների սեփականատերերը հիմա ավագանու թեկնածուների փնտրտուքի մեջ են, այդ թվում և թեկնածուներին վճարելու միջոցով: Այո դուք չսխալվեցիք. ասում են թե մարդկանց առաջարկում են գումարի դիմաց դառնալ ավագանու թեկնածու, որովհետև եթե մարդը գիտի, որ ինքը մասնակցում է ընտրության մի կուսակցության ցուցակով, որը հաղթելու ոչ մի հնարավորություն չունի, նա դա կանի միայն որոշակի վճարի դիմաց:

Փաշինյանի իշխանությունը ապականում և բարոյազրկում ոչ միայն քաղաքական համակարգը, այլ նաև հասարակությանը, բոլոր տեսակի հարաբերությունները դարձնելով առևտրի առարկա: Բարեբախտաբար միլիոնավոր մարդկանց հնարավոր չէ գնել, և բոլորը չէ, որ վաճառվում են:

Հայ հասարակությունը հասել է այն գիտակցության, որ միայն այդ առևտրային հարաբերությունները և դրանց մասնակիցներին մերժելով է հնարավոր փրկել և երկիրի և սեփական ապագան:

Armlife.am