Search
Close this search box.

Կանենք անհրաժեշտ քայլեր՝ օգնելու Հայաստանին հասնել տևական կայունության ու խաղաղության. Չեխիայի վարչապետ

Եվրամիության անդամ պետությունների նպատակն է տարածաշրջանում հասնել խաղաղության, որը նշանակում է նաև հայերի իրավունքների երաշխավորում, այս մասին հայտնեց Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետեր Ֆիալան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ հարցին:

«Չեխիայի Հանրապետությունը կարող է աջակցել և կաջակցի խաղաղության նախաձեռնություններին և այն ջանքերին, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում կայունացման»,-ասաց Չեխիայի վարչապետը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը հիմնարար նշանակություն ունի: Պետեր Ֆիալան նաև նշեց, որ Պրահայում քայլ արվել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի ընթացքում:

«Դա երկու երկրների հարաբերություններում պատմական հանգրվան կարելի է համարել: Իհարկե, իրավիճակի համար նպաստավոր չէր լինի, եթե ես միակողմանիորեն գնահատեի, թե ով և ինչպես է ինչը խախտում: Չեխիայի և ԵՄ անդամ պետությունների միասնական նպատակն է տարածաշրջանում հասնել կայունության և տևական խաղաղության, որը նշանակում է նաև երաշխավորել Հայաստանի, հայերի իրավունքները: Դա կարևոր հանգամանք է»,-ասաց Չեխիայի վարչապետը:

Նա ընդգծեց, որ Չեխիան այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր արել է, Չեխիայի Հանրապետությունը նպաստել է մոնիթորինգի առաքելության տեղակայմանը, առաքելության կազմում կան չեխ փորձագետներ: Չեխիան պատրաստ է մասնակցել նաև համանման աշխատանքների, որոնք կնպաստեն լարվածության թոթափմանը և թույլ կտան հասնելու տևական ու մնայուն խաղաղության և խաղաղ լուծման:

ՀՀ վարչապետը Չեխիայի իր գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է, թե ինչպես են ընթանում բանակցությունները և, թե ինքն ինչպես է տեսնում իրավիճակը: Չեխիայի վարչապետը դա շատ արժեքավոր համարեց, քանի որ ինքը հնարավորություն ունի այդ տեղեկությունները և փորձառությունը փոխանցել եվրոպացի գործընկերներին:

«Եվ դրա հիման վրա մենք կարող ենք դիտարկել ու հասկանալ, թե ինչ քայլեր պատշաճ կլինեն և ինչ քայլերով ԵՄ-ն կարող է աջակցել մշտական ու տևական խաղաղության ջանքերին տարածաշրջանում»,-նշեց Պետեր Ֆիալան: