Search
Close this search box.

Զախարովան` Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ՝ 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ հայտարարությունների իրագործմանը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Նրա խոսքով ՝ Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, հետևաբար, գործընթացի մասին պետք է հետաքրքրվել մասնակիցներից:
«Երբ հանդիպման արդյունքում հայտարարություններ արվեն և կողմերն արտահայտվեն, հնարավոր կլինի կարծիք ձևավորել։ Դրանից հետո, գուցե, իրավունք լինի ինչ որ բան մեկնաբանել, բայց դա ավելի ուշ կլինի»,-ասաց նա:

Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարներին՝ Մարիա Զախարովան հիշեցրեց, որ այդ մասին հայտարարություն արդեն եղել է։
«Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց պատրաստակամությունը։ Ժամկետների մասին կտեղեկացվի ավելի ուշ»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում՝ Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում ընթացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ տեղի է ունեցել եռակողմ` հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։