Search
Close this search box.

Էդգար Ղազարյանը դատի է տվել ՔՊ-ականներ Արթուր Հովհաննիսյանին եւ Ռուստամ Բաքոյանին

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը դատի է տվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին ու Ռուստամ Բաքոյանին իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառում է կատարել Էդգար Ղազարյանը:

«Հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան եւ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դատարաններից խնդրելով պարտավորեցնել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին (ով նաեւ հանդիսանում է խմբակցության քարտուղար) եւ Ռուստամ Բաքոյանին՝ ներողություն խնդրել 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում իմ հասցեին հնչեցրած վիրավորանք եւ զրպարտություն հանդիսացող արտահայտությունների համար՝ պահանջելով նաեւ փոխհատուցում։

ՀՀ վարչական դատարանում է գտնվում նաեւ իմ ներկայացրած հայցադիմումը՝ Անահիտ Մանասյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ ԱԺՈ-69-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների խուլիգանական պահվածքի մասին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդումից դեռեւս որեւէ պաշտոնական տեղեկատվություն չեմ ստացել, բացի դրանից, որ այն Գլխավոր դատախազությունից ուղարկվել է Երեւան քաղաքի դատախազություն, իսկ այնտեղից՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարական շրջանների դատախազություն։

Հ․Գ․ Շնորհակալություն եմ հայտնում Fidelis Law Firm իրավաբանական խորհրդատվական ընկերությանը մասնագիտական աջակցության համար»,- գրել է նա։