Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը ձեռք ձեռքի տված Հայաստանը տանում են կործանման. նրանց նմանությունները չեն ավարտվում

Մի անգամ առիթ ունեցել ենք գրելու, որ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը ձեռք ձեռքի տված Հայաստանը տանում են կործանման: Նրանց դաշինքը կառուցված է հոգեբանական և աշխարհայացքային ընդհանրությունների վրա: Ներկայացնենք դրանցից մի քանսը, որպիսի պարզ լինի, թե ինչպիսի ներքին ընդհանրություն ունի այս «զույգը».

Փաշինյանը և Քոչարյանը կյանքում ամենից առավել ու թերևս միայն սիրում են փող և հարստություն: Փող աշխատելու և հարստություն կուտակելու հարցում չունեն կարմիր գծեր. կարող են ունեզրկել մարդկանց, անգամ իրենց մերձավոր թիմակիցներին, կարող են հարյուրավոր և հազարավոր մարդկանց փողոց գցել, միայն թե իրենց հարստության չափը մեծանա:

Հիշենք, թե ոնց էր Քոչարյանը տնավեր անում Երևանի կենտրոնի բնակիչներին և ոնց է հիմա նույնն անում Փաշինյանը: Ինչպես Քոչարյանը, այնպես էլ Փաշինյանը արժեզրկում են դոլարը, քանդում են Հայաստանի արդյունաբերությունն ու արտահանումը, բայց բանկերի միջոցով հարյուր միլիոնավոր և միլիարդավոր դոլարներ են աշխատում:

Երկուսն էլ դասական պոպուլիստներ են: Քոչարյանը ևս սիրում էր խոսել երկնիշ տնտեսական աճի, կովկասյան վագրի ու չգիտեմ էլ ինչերի մասին՝ այն դեպքում, երբ երկրի հիմնական բնակչությունը խարխափում էր աղքատության մեջ, իսկ ազգային հարստությունը կուտակվում էր իր և իր մերձավոր շրջապատի ձեռքում: Հիմա էլ է հայտարարվում երկնիշ տնտեսական աճի, բայց ինչպես Քոչարյանի, այնպես էլ Փաշինյանի օրոք այդ աճը միայն թղթի վրա է, իսկ եթե աճ կա, ապա միայն աղքատության և արտագաղթի, հուսահատության և անապահովության:

Քոչարյանն ու Փաշինյանը գիրք կարդալ չեն սիրում, բայց սիրում են գիրք գրել: Մեկը բանտում, մյուսը իբրև թե ընդհատակում գիրք են գրել, որոնք ոչ միայն որևէ գեղարվեստական արժեք չունեն, այլ բացահայտում են դրանց հեղինակների թերաժեքության կոմպլեքները: Երկուսն էլ չգիտեն ոչ միայն պատմություն, չունեն բազային լուրջ կրթություն, կապ չունեն այն երկրի և հասարակության հետ, որը պատահաբար և դժբախտաբար հայտնվել է իրենց կառավարման տակ:

Երկուսն էլ չունեն գաղափարական և արժեքային համակարգ՝ ոչ աջ են, ոչ ձախ, ոչ սոցիալիստ են, ոչ լիբերալ, ոչ ռուսամետ են, ոչ արևմտամետ. նրանց համար միակ արժեքը փողն է ու դրան հասնելու ուղիները: Մարդկային կյանքը նրանց համար արժեք չէ և իրենց նպատակին հասնելու համար պատրաստ են տրորել ու ոչնչացնել հարյուրավոր և հազարավոր մարդկային կյանքեր. պարզ է, որ սեփական հայրենակիցների: Քոչարյանի օրոք տեղի էին ունենում քաղաքական սպանություններ և քաղաքական բանտարկություններ, հիմա նույն վիճակն է: Ցանկացած դիմադրող կամ հանկարծակի մահանում է, կամ նրա վրա քրեական գործ է հարուցվում:

Երկուսն էլ չունեն ոչ ընկերներ, ոչ գաղափարակիցներ և գերադասում են իրենց շրջապատել իրենցից շահերով կախված մարդկանց: Դրա համար իշխանությունը կորցնելուց հետո, կորցնում են նաև իրենց թիմակիցներին, և եթե նույնիսկ նոր թիմ են հավաքում, ապա դարձյալ փողով, այսինքն՝ վարձկանների:

Երկուսն էլ էությամբ անաստվածներ են. ավելի ճիշտ իրենք իրենց են համարում աստվածներ ու փրկիչներ: Բայց քանի որ իրենց միակ ուսմունքը փողի նկատմամբ սերն է, իրենց աշակերտներն էլ իրենց նման փողով ծախսու արարածներ են: Սրանց շրջապատում բոլորն են հուդաներ, բայց քանի որ ուսմունք էլ չունեն, տարածողներ էլ չկան:

Սրանով Քոչարյանի և Փաշինյանի ընդհանրությունները չեն ավարտվում, դրանք կարելի է շարունակել: Նրանց միջև կան նաև տարբերություններ, սակայն դրանք սկզբունքային չեն, չեն խոչընդոտում նրանց համագործակցությանը:

ArmLife.am