Search
Close this search box.

Սա ևս մեկ խաղ է Ռուբեն Վարդանյանին խաղից հանելու

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց: Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ: Քննարկվում է մի քանի սցենար, թե ինչու Արայիկ Հարությունյանը սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնել։

Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցության նախագահ, քաղաքագետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական Բարդուղ Գալստյանի կարծիքով՝ Արայիկ Հարությունյանի այս քայլը կապված է Հարությունյանի և Վարդանյանի՝ ՌԴ այցով. «Այս երկու ֆիգուրներն էլ ռուսական ազդեցության դաշտում են, բայց կարծես տարբեր տերերով, երկուսն էլ աշխատում են ռուսական ծիրի վրա՝ տարբերությամբ, որ գործող նախագահը կապ ունի Հայաստանի հետ, և կարողանում է գումարի հարց լուծել, ինչը չի ստացվում Ռուբեն Վարդանյանի մոտ։ Տեսնում ենք, որ նա չի կարողանում Հայաստանի իշխանությունների հետ լեզու գտնել»,-ասաց Գալստյանը։ Նրա դիտարկմամբ՝ երկու տարբերակ է քննարկվում հանրության շրջանում. Առաջին՝ Արայիկ Հարությունյանը հանգիստ կհեռանա իշխանությունից և իր տեղը կնշանակի մեկին, որը իր՝ տարբեր տարիների վարած քաղաքականությունը, գործերը չի քննի, երկրորդ տարբերակը՝ սա ևս մեկ խաղ է Ռուբեն Վարդանյանին խաղից հանելու։

Արայիկ Հարությունյանի համար, Գալստյանի խոսքով, ցանկալի տարբերակը «չոր» հեռանալն է, իր հետևից հետագիծ չթողնելը։

«Իր թիմակիցները հնարավորինս փորձելու են պաշտպանել, փորձելու են արդարացնել Արայիկ Հարությունյանի քաղաքականությունը և փորձելու են ժխտել նրա՝ հեռանալու տարբերակը։ Խոսակցություններ կան, որ Ռուսաստանից վերադառնալուց հետո Հարությունյանը լավ տրամադրությամբ է եկել, և չեմ կարծում, որ Արցախի հարցում ռուսները լավ լուծում են առաջարկել։ Արայիկ Հարությունյանն այն դեմքը չէ, որ ՌԴ առաջին դեմքից կոնկրետ ուղեգիծ ստանա Արցախի հարցում։

«Մի քանի անգամ ասել եմ, որ Ռուբեն Վարդանյանը ևս ռուսական քաղաքական ֆիգուր է, որը անհրաժեշտության դեպքում պետք է պետք գար Արցախում ռուսական քաղաքականությանը։ Իսկ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ ռազմական ներակայությունը չկորցնի այստեղ, որովհետև ռուսական միակ գործիքը ռազմականն է, և նա չունի այլ տարբերակներ տվյալ երկրում ազդեցություն ունենալու, բոլոր ժամանակներում ռուսական ազդեցությունը միայն և միայն ռուսական զինվորի սապոգով է ներկայացված եղել, այսինքն՝ ռուսը որևէ բան առաջարկելու չունի հպատակ պետությունների նկատմամբ»։

Ռուսաստան նախ մեկնել է Արայիկ Հարությունյանը, ավելի ուշ մեկնել է Ռուբեն Վարդանյանը։ Վարդանյանի վերադարձից հետո, Գալստյանի խոսքով, լուռ վիճակ է. «Ռուբեն Վարդանյանի՝ Ռուսաստանից գալուց հետո խորհրդավոր լռություն է։ Իրենց ասած մասնակի փակ ճանապարհով էին գնացել»։

Սահմանադրական փոփոխությունները, ըստ նրա, ստեղծված իրավիճակով պայմանավորվծ են նրանով, որ ֆորս-մաժորային կիսառազմական իրավիճակում ընտրություն կազմակերպելը բարդ խնդիր է, հետևաբար կարելի է սահմանադրությունը փոխել և նոր ղեկավար ունենալ։

«Ընդհանրապես ես շատ դեմ եմ անընդհատ սահմանադրական փոփոխություններին։ Ընտրություններ կազմակերպելը լուրջ չէ հիմա, ժողովրդին թողնել այս իրավիճակում և հարմար առիթով «ծլկել», ճիշտ չէ»,-ասաց նա։

1in.am