Search
Close this search box.

Թբիլիսին պատրաստ է Երևանի և Բաքվի միջև որպես մոդերատոր հանդես գալ

Թբիլիսին պատրաստ է ստանձնել մոդերատորի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում: Վրաստանում պարզաբանել են, թե ինչու են ցանկանում որպես միջնորդ հանդես գալ։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները վստահ են, որ կայուն և խաղաղ տարածաշրջանը բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից։
Մասնավորապես, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին Վրաստանը (լինի դա Թբիլիսին, թե որևէ այլ քաղաք) համարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների լավագույն հարթակը։

Լրագրողների հետ զրույցում Վոլսկին նշել է, որ Թբիլիսին առանձնահատուկ հարաբերություններ ունի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: Բացի այդ, այստեղ բնակվում են երկու խոշոր համայնքներ՝ հայկական և ադրբեջանական։

«Վրաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, անկասկած, առանձնահատուկ նշանակություն ունի, հատկապես, եթե ձևաչափին աջակցի միջազգային հանրությունը»,- ասել է Վոլսկին:

Նրա խոսքով՝ Թբիլիսիի շահերից է բխում տարածաշրջանը փրկել հետագա ռազմական էսկալացիայից, հենց դրա շուրջ պետք է միավորվեն կողմերը։
Իր հերթին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Միխայիլ Սարջվելաձեն նշել է, որ Վրաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և պատրաստ է կոնկրետ պարտավորություններ ստանձնել:

«Բոլորը հասկանում են մոդերացիայի բարդությունը, սա պարզ հարց չէ և հեշտ լուծելի չէ։ Սակայն կողմերի և միջնորդի պատրաստակամությունը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար լավ նախապայման է», – ասել է Սարջվելաձեն։