Search
Close this search box.

ԱՄՆ-ում ընտրություններ են․ ի՞նչ է կախված այս ընտրություններից

Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԱՄՆ կոնգրեսի ընտրություններ են:
Ի՞նչ է կախված այս ընտրություններից:
Նախ ֆիքսենք, որ Կոնգրեսի ընտրությունները 2024-ի նախագահական ընտրությունների նախերգանքն են, այս ընտրություններից է մասամբ կախված 2024-ի ելքը:

Եվ այսպես, դիտարկենք իրավիճակ, երբ հաղթում են հանրապետականները, Քոնգրեսի վերին կամ ստորին պալատում, կամ երկու պալատում միաժամանակ նրանք կազմում են մեծամասնություն:

Այս դեպքում Բայդենի վարչակարգի համար մինչև 2024-ը ստեղծվելու են անվերջ խոչընդոտներ, թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ:
Ամերիկացի ընտրողների զգալի մեծամասնությունը նախ և առաջ մտահոգ է երկրի ներքին խնդիրներով, այժմ ներքին ամենամեծ խնդիրը ինֆլյացիան է, որը պայմանավորված է նավթի գների աճով և կորոնավիրուսից հետո չափից շատ թողարկված դոլարի քանակով:
Ի տարբերություն Թրամփի, Բայդենին չի հաջողվում լեզու գտնել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ, որպեսզի վերջիններս ավելացնեն նավթի արտահանման ծավալները: Ուկրաինական պատերազմից հետո ռուսական էներգոկիրներից կախումը թուլացնելու հարցում, Սաուդների այդ քայլից շատ բան է կախված: Ժամանակին Թրամփը մի քանի անգամ Սաուդյան թագաժառանգի հետ կարողացավ լեզու գտնել և նավթի գները զգալիորեն իջան: Սա մեծ գործարք էր, որ ամիջական կապ ուներ և ունի մեր տարածաշրջանի հետ: Սաուդյան Արաբիան Իրանի վաղեմի թշնամին է: Սաուդյան Արաբիային այս հարցում աջակցում են համարյա բոլոր սյունի իսլամական երկրները: Բայց հակաիրանական կոալիցիայի գլխավոր մոդերատորը Իսրայելն է: Օրեր առաջ, նոյեմբերի 1-ին, Իսրայելում անցկացված պառլամենտական ընտրություններում նախկին վարչապետ Նաթանյահուն աջ ծայրահեղական սիոնիստների հետ հաղթեց և սպասվում է, որ այս ուժերի ձևավորած կառավարությունը լինելու է շատ ավելի ծայրահեղական, քան նախորդները:

2020-ից մի քանի դրվագ վերհիշենք: Պաշտոնավարման վերջին ամիսներին Նաթանյահուն հասցրեց արագ բարելավել հարաբերությունները վաղեմի թշնամիների, արաբական սյունի երկրներ հետ։ Ի դեպ, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Իսրայելը հաշտության «Աբրահամի պայմանագիր» կնքեց 2020 թվականի սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ում, Սպիտակ Տանը, Թրամփի աջակցությամբ: 44 օրյա պատերազմն սկսվեց դրանից 12 օր հետո: Իսկ ավելի հետաքրքիր էր Նաթանյահուի գաղտնի այցը վաղեմի «թշնամի» Սաուդիան Արաբիա նույն 2020-ի նոյեմբերի 23-ին, 44-օրյայից 4 օր առաջ: Իսրայելը սյունիների հետ թշնամի էր արտաքուստ, բայց նրանց միջև խորքային դաշինք եղել է վաղուց, թե ընդդեմ Իրանի, թե Սիրիական և այլ հարցերում։ Բազմաթիվ հոդվածներ են գրվել իսրայելական հատուկ ծառայությունների և սյունի տեռորիստական կամակերպությունների կապի մասին, այդ կազմակերպություններից շատերը ստեղծվել կամ ռազմական պատրաստվածություն են անցել Մոսսադի աջակցությամբ և այդ ամենի հիմքում նաև Իրանի դեմ թշնամությունն է, Սիրիայի տարածքը կիսելու պլաններն են, որտեղ մեծ շահագրգռվածություն ու դերակատարություն ունի նաև Թուրքիան:
Հերթական, հազարերրորդական անգամ պետք է պնդեմ, որ 44-օրյա պատերազմը Ղարաբաղի համար չէր, այդ պատերազմի գլխավոր թիրախը Իրանն էր մնացած «շարունակությամբ»:

Հակաիրանական կոալիցիայի ծրագրերը ձախողվեցին, երբ պարզ դարձավ, որ Բայդենը հաղթում է նախագահական ընտրություններում, գործը մնաց կիսատ:

Այժմ վերադառնանք Ամերիկա:
Եթե անցած երկու տարում ունենալով դեմոկրատական Քոնգրեսի աջակցությունը, Բայդենի թիմը չկարողացավ ստիպել Սաուդիան արքայազնին, որպեսզի նավթի արտահանումը ավելացվի և գների անկում լինի, ինչպե՞ս է Բայդենը դա անելու, երբ Քոնգրեսը լինի հանրապետականների ազդեցության տակ, դա անհնար է: Հակառակը, սաուդիտները, թրամփիստների հետ համաձայնեցված, ավելի են կրճատելու նավթի արտահանումը, ինչը կխթանի նավթի գների աճը և ինֆլյացիան ԱՄՆ-ում նոր ռեկորդներ կսահմանի: Ամերիկացիները դեմոկրատներին դա չեն ների, արդեն 2023- ը նախընտրական է: 2024-ին ոչ մի դեմոկրատ թեկնածու, Բայդենը հատկապես, ընտրվելու շանս չի ունենա:

Ուրեմն, եթե հանրապետականներն այսօր հաղթեն, Բայդենի թիմը միանշանակ պետք է ոչնչացնի սաուդական վտանգը: Իսկ ո՞ւմ ձեռքով: Սաուդների ամենասարսափելի թշնամին Իրանն է: Իսրայելա-արաբական, հակաիրանական կոալիցիայի ջանքերով խափանվեց Իրանի «միջուկային գործարքի» կնքումը: Ժամանակին Օբամայի վարչակազմը մեծ ջանքերի գնով ստորագրեց «գործարքը», բայց պուտինա-հրեական-արաբական-թուրքական դաշինքը Թրամփի ձեռքով չեղարկեց ամերիկյան ստորագրությունը: Այս ուժերից ոչ մեկին ձեռնատու չէր Իրանի վերադարձը նավթային և այլ շուկաներ:
Նոր ընտրված Քոնգրեսը իր լիազորությունների մեջ կմտնի հունվարին:

Բայդենի վարչակազմն ունի երկու ամսից քիչ ժամանակ, որպեսզի չեզոքացնի Սաուդիան Արաբիայի գործոնը: Ճիշտ է, եթե Իրանը հարվածի սաուդական նավթային ենթակառուցվածքներին, այդ դեպքում նույնպես նավթի գները կտրուկ կաճեն: Բայց այժմ այլ իրավիճակ է, կարելի է ավելացնել ռուսական նավթի գնումների ծավալները, կրելի է իրանական նավթը օրինական ձևով արտահանել Արևմտյան երկրներ: Պուտինը Բայդենի հետ գործարքի կգնա, Ուկրաինան փոխել է իրավիճակը:

Սաուդներին չեզոքացնելուց հետո կարելի կլինի վերջապես նաև իրանական «միջուկային գործարքը» վերակնքել: Այս քայլերը ԱՄՆ ում կբարձրացնեն դեմոկրատների վարկանիշները:

Ամփոփեմ «հանրապետականների հաղթանակի» վարկածը:
Եթե հանրապետականները այսօրվա ընտրություններում հաղթում են, Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան Իրանի ձեռքով Սաուդյան Արաբիայի գործոնի չեզոքացումը:

Ի՞նչ կլինի, եթե հաղթեն դեմոկրատները:
Դեմոկրատների հաղթանակը ստիպելու է հակաիրանական դաշինքին, որպեսզի պատերազմ սկսեն Իրանի դեմ: Սա ձեռնատու է բոլոր կողմերին:
Իսրայելը թիվ մեկ շահառուն է:

Թուրքիայում գալիք տարի ընտրություններ են, Էրդողանի կլանը կենաց մահու կռիվ է տալու, պարտությունը Էրդողանի համար ճակատագրական կլինի: Էրդողանը հակաիրանական դաշինքի մեջ է, 44-օրյա պատերազմը չմոռանանք:
Ռուսաստանին ձեռնատու է թե՛ Իրանի պարտությունը, թե՛ Սաուդների: Երկու երկիրն էլ նավթի խոշոր մատակարար են, նրանցից որն էլ խաղից դուրս գա, ռուսները շահելու են: Այժմ, իհարկե, նրանց ավելի ձեռնտու է Սաուդյան Արաբիայի պարտությունը, քանի որ վերջինս ռուսների թիվ մեկ մրցակիցն է նավթային շուկայում: Եթե նախկինում ռուսները Իրանի դաշնակից ձևանալով գործում էին Իրանի դեմ, այժմ դա անելը բարդ է: Ռուսները թերարժեքության բարդույթ ունեն ամերիկացիների նկատմամբ, միշտ ձգտում են նրանց հետ լինել, մեկ սեղանի շուրջ նստել:
Անկասկած գործարքի կգնան Բայդենի հետ:

Եվ, վերջապես, պատերազմը ձեռնտու է Իրանի իշխանություններին: Կամ արտաքին ուժերի հետ պիտի պատերազմել, կամ երկրի ներսում, սեփական ժողովրդի դեմ: Ներքին ցնցումների վտանգը մեծ է այս խաղում ներգրավված բոլոր երկրներում, Թուրքիայում, Սաուդիան Արաբիայում, Ռուսաստանում, նույնիսկ Իսրայելում ու ինչու չէ՝ ԱՄՆ-ում:
Ուստի պատերազմը ձեռնատու է բոլոր կողմերին:

Այս պրոցեսները էներգետիկ հեղափոխության դրվագներն են, որ դեռ զարգանալու և վերաճելու են գլոբալ տնտեսա քաղաքական ճգնաժամի»: