Search
Close this search box.

Հայաստանի արտգործանախարարությունը՝ Լուկաշենկոյի հայտարարությունների մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները մեկնաբանելը տեղին չի համարում։ Այս մասին նա ասաց ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման։

«Բելառուսի նախագահի հայտարարությունները հախուռն են, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային։ Դրանք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները»,- նշեց Հունանյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ արտահերթ նիստում Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ պետությունների համար թշնամի կամ հակառակորդ չէ, ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ը հակադրել Ադրբեջանին: Նա շեշտել էր` Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես «մեր մարդը՝ Իլհամ Ալիևը»։ Բելառուսի նախագահը հավելել էր, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, և հակամարտությունը երկու երկրների միջև պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով:

Երեկ Մինսկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ էլ Լուկաշենկոն ասել է, որ Բաքվի և Երևանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ վաղուց է առաջարկել, սակայն Հայաստանը չի համաձայնել, և Ադրբեջանի նախագահին այլ լուծում չի մնացել, քան ուժայինը: