Search
Close this search box.

ԻՀՊԿ հատուկ ջոկատայինները ուղղաթիռային գործողություններ են իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի զինծառայողները Իրանի հյուսիսարեւմտյան սահմանամերձ շրջաններում անցկացվող զորավարժությունների ժամանակ կատարելագործել են պարաշյուտով ցատկերը։

«Հզոր Իրան» զորավարժությունների երրորդ օրը, որը տեղի է ունեցել Արաքսի շրջանում՝ Արդեբիլ եւ Արեւելյան Ադրբեջան նահանգների հյուսիսարեւմտյան սահմանների երկայնքով, ԻՀՊԿ հատուկ ջոկատայինները ուղղաթիռային գործողություններ են իրականացրել՝ օգտագործելով Մի-17 ուղղաթիռները, գրում է Tasnim-ը։

Զորավարժությունների մասնակիցները գրավել են նաեւ պայմանական հակառակորդի կողմից վերահսկվող երթուղիներ եւ բարձունքներ։

Երկուշաբթի մեկնարկած զորավարժությունների ժամանակ, ԻՀՊԿ ուժերն առաջին անգամ իրականացրել են գետերի վրա կամրջանավերի տեղադրումը՝ զորքերի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար:

Զորավարժությունների շրջանակում տված մեկնաբանություններում ԻՀՊԿ հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հիշեցրել է հարեւաններին, որ Իրանը հավատարիմ է եղբայրության եւ բարեկամության քաղաքականությանը, «քանի դեռ թշնամիները դավադրություն չեն նախապատրաստում նրա դեմ»։

«Մենք մեր հարեւաններին կոչ ենք անում իրենց խնդիրները լուծել փոխգործակցույթան եւ ոչ ռազմական մոտեցումների միջոցով:

Մենք շահեր ունենք այս տարածաշրջանում, ուստի եթե տարածաշրջանի ինչ-որ անկյունում միջադեպ տեղի ունենա, եթե մեր շահերը վտանգվեն, ապա մենք չեզոք չենք մնա եւ կպաշտպանենք մեր շահերը»,- հավելել է գեներալը։