Search
Close this search box.

Նրանց դիտարկում են որպես «թնդանոթի միս»․ Լավրովի խոսքը հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը

ԱՊՀ–ի ոչ մի պետություն պաշտպանված չէ ԱՄՆ-ի միջամտությունից։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն արել է Մոսկվայում՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով` Արևմուտքի նպատակը հետխորհրդային տարածքի հետագա մասնատումն է։

«Գաղտնիք չէ, որ «բաժանիր, որ տիրես» փիլիսոփայությունն ակտիվորեն օգտագործվում է Արևմուտքի կողմից նախկին Խորհրդային Միության երկրների դեպքում: Նպատակը միանգամայն պարզ է՝ ավելի տրոհել հետխորհրդային տարածքը, պառակտել մեր երկրներին և ժողովուրդներին»,- հավելել է Լավրովը։

Նա համոզված է, որ նման կործանարար քաղաքականության ամենավառ ապացույցը Ուկրաինան հակառուսական զինադաշտ դարձնելն է։ Նա կարծում է, որ Վաշինգտոնը, Լոնդոնը, Բրյուսելը չեն թաքցնում, որ մտադիր են շարունակել մասնակցել Ռուսաստանի դեմ պայքարին` մարտի դաշտում ուկրաինացիների ձեռքերով ու կյանքերով, որոնց դիտարկում են բացառապես որպես «թնդանոթի միս»։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 217-րդ օրը։