Search
Close this search box.

Խուճապի պատճառ չկա. Վրաստանի փոխվարչապետը՝ ՌԴ–ի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին

Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի նախարար Թեա Ցուլուկիանին կարծում է, որ Ռուսաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով պետք չէ խուճապի մատնվել։
Ինչպես նշել է փոխվարչապետը, վրաց-ռուսական սահմանի հսկողությունն իրականացվում է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի պահպանմամբ:
«Բոլոր գերատեսչությունները, որոնք մասնակցում են սահմանների պաշտպանությանը, մաքսային հսկողությանը կամ այլ ընթացակարգերին, մոբիլիզացվել են, նրանց գործողությունները համակարգվում են», – լրագրողներին ասել է Ցուլուկիանին:
«Իմեդի» հեռուստաալիքի տվյալով՝ ՆԳՆ-ն ավելացրել է աշխատակիցների թիվը «Կազբեկի» անցակետում:
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին նպատակահարմար չի համարում ռուսաստանցիների համար Վրաստանի սահմանը փակելը։

«ՌԴ քաղաքացիները միշտ Վրաստան են եկել։ Ինչո՞ւ սահմանափակել նրանց մուտքը հենց հիմա»,– ասել է նա լրագրողներին։
Գոմեալուրիի խոսքով՝ դեռևս 4-5 օր առաջ նշված անցակետով Վրաստան է մուտք գործել 5-6 հազար մարդ, իսկ վերջին երկու օրվա ընթացքում ՝ 10-11 հազար: Ընդ որում` երկրից դուրս է գալիս եկողների մոտ 60%-ը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից մեկնողների թիվը կտրուկ աճել է։
Հյուսիսային Օսեթիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այդ անցակետով Ռուսաստանից դուրս գալու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են ոտքով հատել սահմանը: Բացի այդ, առաջիկայում այնտեղ զինկոմիսարիատի զորահավաքային կետ կտեղակայվի։