Search
Close this search box.

ՀՀ–ն կապիտուլյացիոն վիճակում է 2020 թ–ից. Օհանյանը` Տեր–Պետրոսյանի հայտարարության մասին

Հայաստանի Հանրապետությունը կապիտուլյացիոն վիճակում է դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ից, երբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այն հայտարարությունները, թե Հայաստանին սպասվում են ծանր լուծումներ, ստորագրվելու է կապիտուլյացիայի պայմանագիր։

«Մենք մշտապես հպարտացել ենք մեր անկախությամբ, ինքնիշխանությամբ, ազատությամբ, բանակով, Արցախի ազատագրմամբ, ինչպես նաև պետականաշինությամբ։ Վերջին տարիների մեր պատմությունը ցույց տվեց, որ իշխանության են եկել մարդիկ, որոնք ձախողեցին ամեն ինչ` արտաքին քաղաքականությունը, մեր պաշտպանական քաղաքականությունը, բանակաշինությունը։ Այս ամենի հետևանքով պատերազմ սկսվեց, ունեցանք զոհեր։ Ցավ է, որ այսքան զոհերի պայմաններում պարտություն ենք ունեցել»,– նշեց Օհանյանը։

Նրա խոսքով` երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակը տեսնում է միայն ներկային իշխանությունների փոփոխության մեջ։ Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ` պետք է գան այնպիսի մարդիկ, որոնք կկարողանան արտաքին քաղաքականություն վարել և ներքին ազգային երաշխիքներ ձևավորել։

Հիշեցնենք՝ Տեր–Պետրոսյանը նշել էր, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ, ինչպես նաև պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ,և «դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, սակայն այս պահին այլընտրանք չկա»։