Search
Close this search box.

Ռուս զինվորականները հեռանում են Լուգանսկից․ Լուգանսկի մարզպետ

Ռուս զինվորականները հապճեպ հեռանում են Լուգանսկի շրջանում իրենց տեղակայման վայրերից՝ շարժվելով մարզի խորք կամ Ռուսաստանի տարածք, ասել է շրջանի ղեկավար Սերգեյ Գայդայը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ հապճեպ տարհանումը պայմանավորված է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակմամբ։

«Լուգանսկի մարզում ռուս զինվորականներն իրենց ընտանիքներով լքել են Սվատովոն, տեղի բնակիչներից մնացել են միայն այսպես կոչված «ժողովրդական միլիցիայի» զինվորները: Զավթիչ իշխանությունները հաստատում են զինվորականների և համախոհների տեղաշարժի մասին տեղեկությունը: Ավելին, ոմանք անցնում Ռուսաստանի տարածք»,- գրել է Գայդայը Տելեգրամում:

Նրա խոսքերն անուղղակիորեն հաստատում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության հայտարարությունը, որում նշվում է, որ մեկ օրում սահմանը հատել է Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների կողմից վերահսկվող տարածքների ավելի քան 17 հազար բնակիչ։ Անցած շաբաթվա սկզբից Ռուսաստան է մուտք գործել 116 հազար մարդ։

Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երեւում է, որ մեքենաների մեծ հերթեր են կուտակվել դեպի Ռուսաստան տանող ճանապարհներին:

Ըստ Գայդայի՝ մարդիկ հեռանում են անգամ 2014 թվականին գրավված Լուգանսկից և Ալչևսկից։