Search
Close this search box.

Չկա որևէ իրավական հիմնավորում, թե ՀՀ տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է եղել. Մարուքյան

Չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հայտարարությունների:

Նա անդրադարձել է այսօր Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններին՝ ըստ որոնց՝ ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններ սկսել Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի հիման վրա: «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը դեռևս 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»:

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև առձեռն ադրբեջանական կողմին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Հայկական կողմն առաջարկել է երկու օրակարգերի հիման վրա սկսել բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը համաձայնվել է այս մոտեցմանը, որից հետո խաղաղության պայմանագրի բանակցություններ ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- նշել է Մարուքյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի, այսպես կոչված․ անկլավները «վերադարձնելու» մասին հայտարարությանը՝ նա նշել է․ «Մենք բազմիցս ասել ենք, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետք է տեղի ունենան դե յուրե նշանակություն ունեցող փաստերի և փաստաթղթերի հիման վրա: Այս պահին մեր ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Ընդհակառակը, կան իրավական հիմնավորումներ Արծվաշեն գյուղի՝ Հայաստանին պատկանելության մասին: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին պատկանող մի շարք տարածքների՝ ներառյալ Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ նախորդ տարվա մայիսին ադրբեջանական զորքերի ապօրինի ներխուժման հայտնի դեպքը տեղի ունեցավ: Այս հարցերը, իհարկե, պետք է քննարկվեն և լուծում ստանան դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում»։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ, այսպես կոչված, անկլավների՝ Տավուշի շրջանի 7 գյուղերի և Տիգրանաշենի «վերադարձի» հարցերն ու մի շարք այլ հարցեր պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանի սահմանազատման համատեքստում: