Search
Close this search box.

Զգուշացում․ «Կան խմբեր, որոնք դիմելու են սադրանքների»

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Դիմադրության» շարժման հետագա անելիքներին և մայիսի 1-ի հանրահավաքին, ասաց, որ այդ պայքարը իշխանության համար չէ, այլ ազգի առաջ ծառացած խնդիրները լուծելուն է միտված։

«Ունենք տեղեկություններ՝ կան խմբեր, որոնք հանրահավաքի ժամանակ դիմելու են սադրանքների, փորձելու են մեզ ներկայացնել իբրև տեռորիստական խմբերի, բայց ամեն ինչ վերջացած է, և չեն անցնելու այդ սադրանքները։ Ես հիմա կոչ եմ անում այդ ոստիկանությանը և ԱԱԾ-ին՝ զբաղվել Նիկոլի շրջապատի սադրիչ խմբերով, որոնք արդեն կան և գոյություն ունեն»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նաև հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը լուրջ ճնշման տակ է օրվա իշխանության և Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Ուզում եմ զգուշացնել ուժային կառույցներին, որ չգնան սադրանքների։ Նիկոլն ամեն ինչ անելու է, որ իրենց ևս մասնակից դարձնի այդ ապօրինություններին, բայց նրանք պետք է մնան օրենքի և իրենց լիազորությունների շրջանակներում։ Ես հասկանում եմ, որ իրենց շատ են ճնշելու, բայց թող սադրանքի մաս չդառնան՝ հանուն մեր պետության, հանուն մեր երկրի, հանուն իրենց ուսադիրների։ Իրենք չպիտի դառնան Նիկոլին սպասարկող այդ խունտայի ձեռքին գործիք»,-ասաց նա։

«Եթե կգնան այդ ճանապարհով ու կկիսեն այդ ամբողջ պատասխանատվությունը, դրա համար հետո պատասխան կտան»,- ասաց Սաղաթելյանը։