Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ են զոհվածների հարազատները հրաժարվում հուղարկավորել ԴՆԹ-ով նույնականացված մասունքները

Տիկին Գոհարը 44–օրյա պատերազմում անհետ կորած այն զինծառայողների մայրերից է, որը չի հավատում Հայաստանում եւ Հոլանդիայում արված ԴՆԹ փորձաքննությունների արդյունքին, որոնցով հաստատվել է զոհվածի աճյունի եւ իր միջեւ արյունակցական կապը։

Առողջապահության նախարությունը պնդում է, որ գտնված մասունքները նրա որդունն են, տիկին Գոհարը չի վստահում դատագենետիկական փորձաքննության արդյունքներին։

Տիկին Գոհարը 44–օրյա պատերազմում անհետ կորած այն զինծառայողների մայրերից է, որը չի հավատում Հայաստանում եւ Հոլանդիայում արված ԴՆԹ փորձաքննությունների արդյունքին, որոնցով հաստատվել է զոհվածի աճյունի եւ իր միջեւ արյունակցական կապը։

Առողջապահության նախարությունը պնդում է, որ գտնված մասունքները նրա որդունն են, տիկին Գոհարը չի վստահում դատագենետիկական փորձաքննության արդյունքներին։

ԴՆԹ–ն նույնականացվել է նախ Հայաստանում, երբ անալիզ են հանձնել ինքն ու ավագ որդին։ Հետո որդին մորից գաղտնի որոշել է հետազոտություն անել Ռուսաստանում։ Արդյունքը բացասական է եղել, ուղարկել է նաեւ մոր արյան նմուշը, կրկին նույնականացում չի եղել։ Նախարարությունը դրանից հետո մասունքներն ուղարկել է Նիդերլանդներ, որտեղ ԴՆԹ հետազոտությամբ դրանք նույնականացվել են։

«Էստեղ չեկան համաձայնության։ Բա մենք պետք է Հոլանդիա ուղարկենք, երկու ամիս սպասեցինք մինչեւ ուղարկեցին, մի ամիս էլ սպասեցինք մինչեւ էնտեղից եկավ պատասխանը։ Հետո էլ մոտենում եմ պարոն Բիշարյանին (Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն,–հեղ.), ասում եմ՝ ի՞նչ եղավ Հոլանդիայի պատասխանը, պարոն Բիշարյանն ասում է՝ գնացեք Քննչական, ձերը համընկել է, ես գնացի, ասում եմ՝ փաստաթղթերը ցույց տվեք ինձ, A4 ֆորմատի թղթերը թափահարում է, որ էդ 90–ի հասնող ԴՆԹ անալիզները հաստատվել է Հոլանդիայում։

Ասում եմ՝ էդ 90 անալիզից քանի՞սն է հերքվել, ասում է՝ ոչ մեկը, ասացի՝ կամ դուք չեք ուղարկել, կամ էլ բերել եք՝ կեղծել, մի կեղտոտ բան արել եք։

Քննչականի ներկայացուցչին եմ հարցնում, ասում եմ՝ էս Հոլանդիայի պատասխանն ի՞նչ էր, ասում է՝ տիկին, կասեք՝ ինչո՞ւ չեք համաձայնվում տվյալ մարմինը վերցնեք, տանեք հուղարկավորության, ասացի՝ դրանից առաջ ինչո՞ւ չհամաձայնեցիք Ռուսաստանում արված ԴՆԹ անալիզի հետ, ասում է՝ թերի է, դե եթե թերի է, գրավոր գրի տուր, մեկ ամիս է անցել, ինքն իր ասած խոսքը գրավոր ինձ չի տվել»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը։

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը բացառում է, որ Հայաստանում եւ Հոլանդիայում արված ԴՆԹ հետազոտությունների արդյունքները սխալ լինեն։ Այն, ըստ Մարինե Բաղդասարյանի՝ ոսկրային հյուսվածքի հետ աշխատող ամենաճանաչված կենտրոնն է աշխարհում։

«Մենք մի նմուշի հետ մի անգամ չենք աշխատում, այլ մի քանի անգամ, եթե կասկած ենք ունենում, ասում ենք՝ մեզ նորից բերեք ոսկրային հյուսվածքի նմուշ, ու նորից էդ գործընթացը գնում է, նոր մենք տալիս ենք պատասխան։ Դրսում տանում են ընդամենը մեկ կտոր ոսկրային հյուսվածք ու դրսի փորձագետի հնարավորությունները էդ տեսակետից սահմանափակ է, նա չի կարող պահանջել ավելի լավ տեղից նմուշ, չէ որ ոսկրային հյուսվածքի վրա տարբեր հատվածներում տարբեր ԴՆԹ–ի կոնցենտրացիաներ գոյություն ունեն։ Դրսի փորձագետը չունի այն հնարավորությունը, որն ունենք մենք»,– ասում է Մարինե Բաղդասարյանը։

24–ամյա Արայիկ Բաղդասարյանը սեպտեմբերի 28–ին կամավոր էր գնացել Արցախ։ Տիկին Գոհարը պատմում է՝ նախ Ջրականում է եղել, հետո տեղափոխվել է Հորադիզ, թեժ մարտերի մասնակցել, ապա նահանջի հրաման ստացել, բայց մի քանի այլ զինծառայողների հետ շարունակել են առաջ գնալ։

Որդու՝ Արայիկի զոհվելու փաստին տիկին Գոհարը կհավատա, երբ իր խոսքով՝ իրական ապացույց ներկայացվի։

«Իրենք թող ինձ գրավոր պատասխան տան, որ ռուսական «Գենոմետի» տված պատասխանը թերի է, «Գենոմետը» շատ ուժեղ կենտրոն է, որ ես էլ գնամ ասեմ՝ էսինչ թերի պատասխան եք տվել, ես մի տարի է՝ տանջամահ եմ լինում, 5 րոպե երազանքով ապրում եմ, որ գուցե տղաս ողջ է, 5 րոպե հետո հույսս կորցնում»,– ասում է Գոհար Դավթյանը։

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» վերլուծիչները պատերազմից շուրջ մեկուկես տարի անց էլ չեն դադարում աշխատել։ Այս ապարատներն ամեն օր վերլուծում ու գենետիկական բնութագրեր են տալիս դեռեւս չնույնականացված մասունքներին։

«Մեզ համար դեռ պատերազմը չի ավարտվել՝ նույնականացման տեսանկյունից։ Մենք դեռ աշխատում ենք, պայքարում ենք»,– նշում է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի»

մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը։

Նույնականացում արվում է այն դեպքում, երբ ԴՆԹ–ն ունի լիարժեք գենետիկական բնութագիր։ Աշխատանքն ընթանում է երկու փուլով. մասունքի ոսկրային հյուսվածքից անջատվում է ԴՆԹ–ն, ծնողներն էլ արյան նմուշ են հանձնում։ Մասնագետի խոսքով՝ առավել ճշգրիտ է զոհվածի ծնողի կամ զավակի հանձնած նմուշը։

«Ընդհանրապես պատերազմական դեպքերում, եթե զոհվածն ունի հայր ու մայր, քրոջ ու եղբոր կարիքը չի լինում, եղբոր կարիք կարող է լինել այն դեպքում, երբ որ չկա հայր, իսկ մեզ պետք է ունենալ հայրական գծով ինֆորմացիա։

Ցավոք, մեր ծնողները գերադասում են գալ ամբողջ ընտանիքով, չես հասկանում՝ ինչու են գալիս, բայց եթե գալիս են, ուզում են տվյալ նույնականացումը, մենք անում ենք»,– ասում է Մարինե Բաղդասարյանը։

Ծնողների մի մասը չի հավատում ԴՆԹ հետազոտության արդյունքներին, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք ընդհանրապես չեն ուզում մասնակցել այդ հետազոտությանը։

«Ինչքանով որ ես գիտեմ, կան ծնողներ, որոնք համարում են, որ իրենց երեխան գերի է եւ արյան նմուշներ չեն հանձնել, բայց չի բացառվում, որ էդ ծնողների մեջ լինեն ծնողներ եւ մենք ունենք անհայտ երեխաներ եւ եթե այդ ծնողները անալիզ հանձնեն, հնարավոր է լինի նոր նույնականացում»,– ընդգծում է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչը։

Քննչական կոմիտեի տվյալով, 44–օրյա պատերազմի հետեւանքով զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թիվը 3822 է, նրանցից 1431–ի ինքնությունը պարզվել է դատագենետիկական փորձաքննությունների արդյունքով։ 2021թ.–ի օգոստոսին 53 բարդ փորձանմուշ է լրացուցիչ հետազոտության ուղարկվել Հոլանդիա։ Եւս 47 փորձանմուշ ուղարկվել է նոյեմբերին։ Բոլոր 100 փորձանմուշները, ըստ Քննչական կոմիտեի, նույնականացվել են։

Զոհված 3822 անձանցից շուրջ 100–ի հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքներով նույնականացված մարմինները։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրեր առաջ հայտնել էր, որ կան զոհված զինծառայողների մասունքներ, որոնք նույնիսկ երեք անգամ են նույնականացվել, բայց հարազատները պատրաստ չեն վերցնել աճյունները եւ հուղարկավորել։

«Կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնելու եւ հուղարկավորելու որոշում կայացնելու, բայց մյուս կողմից էլ մենք հասկանում ենք, որ ինչ-որ ժամանակ հետո մենք պետք է անդրադառնանք այս հարցին եւ հուղարկավորենք անհատական գերեզմաններում, ոչ թե եղբայրական գերեզմանում»,– ասել էր Առողջապահության նախարարը։

Թե որքան պետք է սպասի Կառավարությունը, մինչեւ մասունքները առանց ծնողների համաձայնության հողին հանձնելու որոշում կայացնելը, ժամկետներ չեն նշվում, Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կառավարությունը պատրաստ է սպասել այնքան ժամանակ, մինչեւ ծնողները որոշում կայացնեն։

Հոգեբան Արմեն Բեջանյանն ասում է՝ շատ ծնողներ հրաժարվում են հավատալ ԴՆԹ անալիզի արդյունքներին, որովհետեւ չեն հաշտվում այն մտքի հետ, որ իրենց որդին զոհվել է։ Ըստ նրա՝ ցավ պատճառող տրավման անձը ենթագիտակցական մակարդակով ժխտում է։

«Մարդն անցնում է 4 հոգեբանական փուլով, առաջինը շոկային վիճակն է, հետո իրավիճակի ժխտումը, մեղադրումը՝ ինչպես սեփական անձի, այնպես էլ միջավայրի նկատմամբ, եւ վերջինը փաստի ընդունումն է։ Հնարավոր է տարիներ անցնեն եւ մարդը չընդունի փաստը, քանի դեռ մարդը փաստը չի ընդունում, ապաքինում տեղի չի ունենում եւ այստեղ 44–օրյա պատերազմն ունեցավ իր վտանգավոր հետեւանքները, որովհետեւ մենք շատ գերիներ ունեցանք, իսկ մարդու մոտ ամենավերջինը մեռնում է հույսը, տվյալ պարագայում դեռ հույսով են ապրում, որ գերիների մեջ կլինի իրենց հարազատը, իսկ ԴՆԹ–ն սխալ է արված։ Բավականին շատ են արվել ԴՆԹ անալիզները, որոնք նաեւ դրսում են նույնականցվել, ծնողը չի ուզում հավատալ այդ փաստին, բայց ինչքան շուտ հավատա, այնքան շուտ վերականգնողական պրոցեսները կգնան, բայց սա ընդամենը հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է»,– ասում է «Ապագա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Արմեն Բեջանյանը։

«Ապագա» հոգեբանական ծառայությունների կենտրոնը այն 8 կենտրոններից մեկն է, որը Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, ամիսներ շարունակ աշխատել է 44–օրյա պատերազմում զոհվածների հարազատների, վիրավորների կամ էլ անհայտ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ։

Միայն այս կենտրոնը ունեցել է 500 այդպիսի շահառու։ Ըստ Արմեն Բեջանյանի՝ մեծամասամբ նրանց հետ աշխատանքը դրական ազդեցություն է ունեցել, սակայն կան դեպքեր, երբ ծնողը որդու մասունքները հողին հանձնելուց հետո անգամ չի հավատում նրա կորստին։

«Օրեր առաջ ԴՆԹ–ով նույնականացված աճյունը ծնողը հուղարկավորել էր։ Ասում էր՝ հերոս է, ես հուղարկավորել եմ, գերեզմանին պիտի նայեմ, բայց միեւնույն է՝ սա իմ երեխան չէ։ Ծնողի մոտ բավականին հաճախակի սրացումներ են լինում, այստեղ շատ երկարատեւ հոգեբանական աշխատանք է պահանջվում, քանի դեռ մենք ունենք գերիներ եւ մինչեւ վերջին մարդը չի վերադարձել, էս խնդիրը դեռ շատ երկար է լինելու»,– ասում է Արմեն Բեջանյանը;

Պաշտոնական տվյալով դեռեւս անհայտ է 187 զինծառայողի եւ 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ամսական 300.000-ական դրամ աջակցություն են ստանում։ Կառավարությունը մարտի 17–ի նիստում, չզեկուցվող նախագծերից մեկով 3 ամսով երկարացրեց անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը: Փետրվարի 25–ի դրությամբ, 127 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել պաշտպանության նախարարություն, որից 114–ը դրամական աջակցության համար ներկայացվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, 13-ը գտնվում է ուսումնասիրության փուլում։

Զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները պատերազմից շուրջ մեկուկես տարի անց էլ շարունակվում են։ Մինչեւ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից որոնումների արդյունքում դուրս է բերվել եւ հայկական կողմին հանձնվել 1711 աճյուն։ Վերջին անգամ որոնումներ արվել են 3 շաբաթ առաջ՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող սահմանամերձ շրջաններում, սակայն, դրանք արդյունք չեն տվել: Եղանակային պայմանների եւ սահմանային իրավիճակով պայմանավորված՝ որոնողական աշխատանքներն այժմ դադարեցված են։