Search
Close this search box.

Թուրքական նոր հարվածային ԱԹՍ-ները Ուկրաինան կօգտագործի ՌԴ-ի ատոմակայանին հարվածելու համա՞ր. Свободная Пресса

Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարի հրապարակմանը, որում ուկրաինացի գործիչը ցուցադրել է թուրքական Baykar AKINCI անօդաչուի մոդելի լուսանկարն ու հղում արել թուրք-ուկրաինական համագործակցությանն անօդաչուների մատակարարման հարցում:

Խոսքը նորաստեղծ հեռահար անօդաչուների մասին է, որի հեղինակը Baykar Makina ընկերությունն է, որի «Բայրաքթար ТВ2» անօդաչուներն Ադրբեջանը կիրառել էր Արցախի դեմ պատերազմում:

Ինչպես գրում է պարբերականը, դատելով ամեն ինչից՝ ուկրաիանացի դիվանագետի գրառումը նվիրված է թուրքական բանակի կողմից նման երեք անօդաչուի ձեռքբերմանը: Նա ցանկանում է, որ Ուկրաինանի Զինված ուժերը ևս նման հարվածային անօդաչու ստանա՝ հաշվի առնելով նաև, որ թուրքական անօդաչուները համալրված են ուկրաինական АИ-450С տուրբոշարժիչով:

Հայտնի է, որ տվյալ անօդաչուն առաջինը կլինի թուրքական սպառազինման շարքում, որն ունակ կլինի օդային բազավորման թևավոր հրթիռներ արձակել:

Անդրադառնալով Ուկրաինայի կողմից նմանօրինակ անօդաչուների հնարավոր կիրառմանը՝ պարբերականը մեջբերում է ԱՄՆ Արտաքին քաղաքականության ինստիտուտի հետազոտությունների գծով տնօրեն Աարոն Շտայնի կարծիքը, որի համաձայն՝ «Էրդողանը միշտ լավ վիճակում է գտնվում, երբ հարցն առնչվում է Ուկրաինայի հետ բիզնես վարելուն»:

Թուրք-ուկրաինական հարաբերությունների գծով փորձագետը նշում է, որ Վաշինգտոնին այնքան էլ դուր չի գալիս, որ Թուրքիան և Ուկրաինան մտերմացել են և միասին զենք են ստեղծում: ԱՄՆ-ի համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես են ուկրաինացիներն օգտագործելու վտանգավոր զենքը և ամենակաևորը՝ ինչպես են ռուսներն արձագանքելու նոր սպառնալիքին:

«Երբ գործը հասնում է մեծ հեռահարության հրթիռներին, որոնք հայտնվում են Ուկրաինայի ԶՈւ ձեռքում, վտանգը կարող է շատ ավելի մեծ լինել, քան օգուտը: Եթե այդ վաճառքը մեծացնի ռուսական ներխուժման հավանականությունը՝ առանց Կիևի՝ նրան դիմագրավելու ուժի զգալի ավելացման, դրանք բացասական ազդեցություն կունենան ՆԱՏՕ-ի անվտանգության համար»,- նշել է Շտայնը:

Ըստ պարբերականի՝ վերլուծաբանի խոսքը նշանակում է, որ նա պարզապես վախենում է, որ «ուկրաինական ԶՈւ-ի տաք գլուխները հիմարություն կանեն, օրինակ անօդաչուից հարված կիրականացնեն Վոլգոգրադի ատոմակայանի կամ Ցիմլյանսկի ամբարտակի ուղղությամբ, որպեսզի առավելագույն վնաս հասցնեն Ռուսաստանին»:

«Եվ ի՞նչ անեն հետո ամերիկացիները, չէ՞ որ Ուկրաինայի պետականության վրա յուղոտ խաչ կքաշվի: Եվ այն ինչի մասին Շտայն ամենից շատ է ափսոսում, այն հանգամանքն է, որ ԱՄՆ-ն մեծ հաշվով չի կարողանա դիմակայել Ռուսաստանին: Բացի այդ, Մոսկվան դեռ միջազգային հանրության առաջ կներկայանա որպես տուժած կողմ»,- գրում է Свободная Пресса-ն: