Search
Close this search box.

Հասարակությունը պետք է մինչև վերջ կանգնի Սուրեն Պետրոսյանի արդար դատի կողքին, պահանջելով նրա շուտափույթ ազատությունը

Լրագրող Ռուզաննա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արդեն երրորդ օրն է, ապօրինի ձերբակալված է շուրջ երկու ամիս Ոսկեպարում բնակություն հաստատած, տավուշցիների հետ պայքարի ելած քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը: Ըստ նրա պաշտպան Վարդան Այվազյանի հարուցված է քրեական գործ, որի վարույթը հանձնված է հատկապես կարևորագույն գործերով քննիչ Գագիկ Առաքելյանին: Թե ո ՞րն է Պետրոսյանի մեղքը, ինչ հանցանք է նա գործել, մինչև այժմ անհայտ է, Այվազյանը սա համարում է «տիպիկ քաղաքական հետապնդում» : Այլ կերպ այն չի էլ կարող որակվել. Պետրոսյանին ձերբակալել են նրա կողմից իրականացվող քաղաքական գործունեությունը կանխելու, նրան քաղաքական պայքարից մեկուսացնելու համար: Պետրոսյանը առաջիններից մեկն էր, ով կանգնեց Փաշինյանի դավաճանական ռեժիմի կողմից Տավուշից հողեր հանձնելու քաղաքականության դեմ, ինքն ու իր թիմը անմնացորդ կանգնեցին տավուշցիների պայքարի կողքին, որն ըստ էության հայ ժողովրդի հավաքական պայքարն է հողատու ռեժիմի դեմ:
Փաշինյանի և նրա իշխանության վերաբերմունքը Պետրոսյանի նկատմամբ հասկանալի է. Պետրոսյանը վտանգ է ներկայացնում Փաշինյանի վարչախմբին, և Փաշինյանը ոստիկանությանն ու քննչականին հրահանգ է տվել մեկուսացնել նրան, կտրել նրա ձայնը: Իսկ ինչպես բնորոշես այսպես կոչված քաղաքական ընդդիմության վարքագիծը, որը կարծես թե հիմնականում չնկատելու է տալիս Սուրեն Պետրոսյանի ձերբակալությունը: Արդեն երրորդ օրն է Պետրոսյանը ձերբակալված է, բայց ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն չկա, որևէ մեկը չի անդրադարձել Պետրոսյանի ձերբակալությանը:

Հիմա պատկերացրեք, որ ձերբակալվածը լիներ ՀՀԿ-ի կամ Հայաստան դաշինքի, ՀՅԴ-ի որևէ ներկայացուցիչ, այդ շրջանակներին մերձ գործիչ, չենք էլ ասում կուսակցության նախագահ կամ փոխնախագահ, այլ շարքային մի ակտիվիստ: Միանգամից բոլորը սկսել էին հայտարարել, որ ահա տեսեք, ունենք ևս մեկ քաղաքական բանտարկյալ, քաղհալածյալ, կպահանջեին նրա շտապ ազատ արձակումը, դիմումներ կգրեին միջազգային տարբեր ատյաններ, կպահանջեին նրա ազատ արձակումը: Մինչդեռ Պետրոսյանի դեպքում քար լռություն, այնպիսի տպավորություն է, որ նա ոչ կա, ոչ գոյություն ունի, ոչ էլ ձերբակալվել է իր կողմից իրականացվող հանրային քաղաքական գործունեության պատճառով:

Պատճառը շատ պարզ է. գործող ընդդիմությունը վախենում և խանդով է վերաբերվում բոլոր այն գործիչներին, ովքեր յուրային չեն, ովքեր գործում են ինքնուրույն, իրենց անմիջական ազդեցության գոտուց դուրս: Այդպիսի գործիչները վտանգ են ներկայացնում ոչ միայն իշխանությանը, այլ ավելի շատ ընդդիմությանը, քանի որ նրանք կոտրում են ընդդիմության ունեցած մոնոպոլիան: Այո ընդդիմություն լինելը մեր երկրում մոնոպոլացված է, մենաշնորհը պատկանում է մի քանի անձանց`նախկին երկու երեք նախագահների մերձավոր շրջապատում գտնվող և նրանց ազդեցության տիրույթում գործող գործիչներին: Նրանցից դուրս ընդդիմություն չի կարող գոյություն ունենալ, իսկ եթե որևէ մեկը փորձում է գործել իրենց ազդեցությունից դուրս, դառնում է այդ շրջանակների կողմից ատելի և մերժելի: Նրանք ոչ միայն հրաժարվում են անդրարդառնալ այդ գործիչներին, եթե անգամ նրանց նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում, այլև սկսում են տարբեր բամբասանքներ ու կեղծ տեղեկություններ տարածել այս կամ այն ուժի կողմից ֆինանսավորվելու, ինչ որ մեկը պրոյեկտը լինելու մասին:

Մենք առավել քան համոզված ենք, որ Սուրեն Պետրոսյանը ազնիվ և սկզբունքային քաղաքական գործիչ է, ում ձայնը փաշինյանական իշխանությունը փորձում է լռեցնել միայն այն պատճառով, որ նա չի գտնվում իշխանության վերահսկողության տակ, քաղաքական գործունեություն չի իրականացնում իշխանության թույլտվությամբ և նրանց հետ համաձայնեցված: Հայաստանին հիմա հենց այդպիսի գործիչներ են պետք`իսկապես անկախ և չվարկաբեկված, սրա նրա կողմից չուղղորդվող, և հասարակության խնդիրը պետք է լինի մինչև վերջ կանգնել Սուրեն Պետրոսյանի արդար դատի կողքին, պահանջելով նրա շուտափույթ ազատությունը: