Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ դելիմիտացիա սկսել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սեդերի հետ տեսակապով հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի հետ դելիմիտացիայի գործընթացին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Բայրամովը Սեդերին տեղեկացրել է տարածաշրջանում ներկա իրավիճակի, եռակողմ հայտարարությունների կատարման, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած միջոցների և այլ հարցերի մասին։

Նա նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում երկարատև խաղաղության ու անվտանգության ապահովմանը և պատրաստ է Հայաստանի հետ սկսել դելիմիտացիայի գործընթաց՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Երևանը դեռ չի արձագանքել այդ առաջարկին»։

Հավելենք, որ Երևանը տարբեր մակարդակներում մշտապես հանդես է եկել սահմանի դելիմիտացիայի առաջարկներով ու հայտարարություններով, որոնց պաշտոնական Բաքուն որևէ կերպ չի արձագանքել։

Իր հերթին Սեդերը նշել է, որ Շվեդիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, աջակցում է Հարավային Կովկասում համագործակցությանը։ Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ընթացիկ ու ապագա նախագծերը, ինչպես նաև ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 28-րդ հանդիպման նախապատրաստությունը, որը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին Ստոկհոլմում։