Search
Close this search box.

Ապրանքները մեծ թափով թանկանում են, էժանանում է մեխը, բոլտն ու գայկեն

Lragir կայքը արնդրադարձել է վերջին օրերի թանկացումներին:
Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շարունակվում է: Վերջին օրերին թանկացել են ձուն, կարագը, բենզինը, բանջարեղենը, պանիրն ու կաթնամթերքը:
«Բենզինն այսօր 10 դրամով էլ թանկացավ: Դա շղթայական ռեակցիա է տալիս, մի ապրանքի թանկացումը սկսում է անդրադառնալ մյուս ապրանքների վրա»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Նրա խոսքով՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գներն օրեցօր թանկանում են:
«Մեծ պահանջարկ ունեցող գրեթե բոլոր ապրանքները թանկացել են, և այդ միտումը շարունակվելու է: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում, որովհետև երկրում սոցիալական վիճակը լավ չէ, էլ ավելի կվատանա, անապահով խավն ավելի վատ վիճակում կհայտնվի»,- հավելեց մասնագետը:
Չիլինգարյանն ասաց, որ իրենք հաշվակներ են արել՝ նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ այսօր կարագը թանկացել է 80-100 տոկոսով, միսը թանկացել է 10-20 տոկոսով, պանիրը մոտ՝ 20 տոկոսով:

Ըստ մասնագետի՝ միտում կա, որ գնաճը կարող է շարունակվել, հաշվի առնելով այն, որ առջևում Ամանորն է: Նրա խոսքով՝ կառավարությունն այս պայմաններում պետք է միջամտի, զսպող մեխանիզմներ կիրառի:
Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա 10 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում չնչին գնաճ է արձանագրվել՝ 0.7 տոկոս: Կարեն Չիլինգարյանն ասում է, որ դա չի արտացոլում իրական պատկերը:
«Իրենք ընդհանուր համախառն գնաճն են վերցնում, և ստացվում է ինչ-որ ցածր տոկոս: Բայց առաջին անհրաժեշտության մթերքն է թանկանում, իսկ մեխը, կամ բոլտն ու գայկեն կարող է մի քանի տոկոսվ էժանացել են, դա ի՞նչ է տալիս սպառողին», նշեց նա: