Search
Close this search box.

Վանեցյանին կուսակիցները մեղադրում են անարդարության մեջ․ ի՞նչ է կատարվում «Հայրենիք» կուսակցությունում

Մեր տեղեկություններով հետընտրական լուրջ խմորումներ են ընթանում «Հայրենիք» կուսակցությունում: Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կուսակիցների կողմից մեղադրվում է ոչ արդար գործունեություն իրականացնելու մեջ: Մասնավորապես, Վանեցյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, կուսակցությունից դուրս է եկել ԱԺ նախկին փոխխոսնակ, Ղազախստանում Հայաստանի նախկին դեսպան Արա Սահակյանը: Նրա դժգոհության առիթը եղել է այն, որ Վանեցյանն առանց կուսակիցների հետ խորհրդակցելու, ըստ էության, միանձնյա որոշման արդյունքում, «Պատիվ ունեմ» դաշինքի չորրորդ համարը տվել է ԱԺ մեկ այլ նախկին փոխխոսնակ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին, ով էլ դաշինքի ցուցակով կդառնա ԱԺ պատգամավոր: Եթե Զաքարյանի փոխարեն պատգամավոր դառնար Արա Սահակյանը դրանից «Հայրենիք» կուսակցությունը միայն կշահեր, որովհետև պատգամավորական գործունեությունը առաջին հերթին հրապարակային գործունեություն է:

Ի տարբերություն Զաքարյանի, ով ավելի շատ ստվերային գործիչ է, Արա Սահակյանը հրապարակային քաղաքական գործիչ է, նա «Հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ էր և իր հրապարակային ելույթներով ու հարցազրույցներով էական ազդեցություն ունեցավ կուսակցության վարկանիշի ձևավորման հարցում: Դրա փոխարեն Իշխան Զաքարյանը խոստացել էր, որ եթե իրեն գրեն համամասնական ցուցակի անցողիկ տեղում, ապա ինքը կներգրավի լուրջ հեղինակություն ունեցող անձանց, ովքեր էլ իրենց հերթին կապահովեն լուրջ ձայներ: Մինդեռ Զաքարյանի բերած մարդիկ ավելի շատ վնասեցին «Պատիվ ունեմ» դաշինքին, քան որևէ օգուտ տվեցին: Ասվածի ամենավառ ապացույցը Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի կալանավորումն էր ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով, ով «Պատիվ ունեմ»-ի Արմավիրի նախընտրական շտաբի ղեկավար էր նշանակվել Իշխան Զաքարյանի երաշխավորությամբ:

Արա Սահակյանի հեռանալը «Հայրենիք» կուսակցությունից չի կարելի դիտարկել միայն մեկ մարդու կորուստ: Սահակյանը կուսակցության ամենափորձառու և հրապարակային գործիչն էր, ի տարբերություն կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ով այդպես էլ հրապարակային գործիչ և առավել ևս քաղաքական գործիչ չկայացավ: Այնպես որ, կորցնելով սեփական դեմքը «Հայրենիքը» շատ արագ կվերանա որպես ինքնուրույն կուսակցություն՝ վերածվելով ՀՀԿ-ի կցորդի, կամ ընդհանրապես տարալուծվելով դրա մեջ:

ArmLife.am