Search
Close this search box.

Ի՞նչն է խնդիրը, որ նախագահը փոխեց իր կեցվածքը. փաստաբանների բողոքի ակցիան

Այսօր՝ մարտի 9-ին մի քանի փաստաբաններ ակցիա իրականացրեցին նախագահական նստավայրի առջև, նրանց մեջ էր նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Այսօր մենք նախաձեռնել ենք պահանջի ներկայացում Հանրապետության նախագահին, նախաձեռնել ենք հետևյալ անձանցով՝ Ռոման Ռուստամի Գասպարյան, Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան, Զինավոր Շահենի Մեղրյան, Վահագն Ռուբենի Չախալյան»,-լրագրողներին ասաց ՓՊ նախագահը:

Նրա խոսքով՝ իրենք նախագահից պահանջում են կատարել Սահմանադրական պարտականությունը:

«Մեր Սահմանադրությունն ուղիղ նախատեսել է, որ նախագահը պետության գլուխն է և ինքն է հետևում սահմնադրության պահպանմանը, սա նշանակում է, որ պետության գլուխը՝ տեսնելով սահմանադրության հնարավոր խախտումներ, պետք է իր լիազորությունները գործադրի: Լավ գիտենք, որ առաջացել է վեճ սահմնադրական մարմինների միջև, այսինքն Զինված ուժերի շտաբի և վարչապետի միջև: Նախագահ Արմեն Սարգսյանը, որին վարչապետը առաջարկել էր ազատել ԶՈՒ շտաբի պետին, առարկություններով վերադարձրել էր այդ հրամանագրի նախագիծը և նշել էր, որ հրամանագիրն առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին և նշել էր՝ գլխավոր շտաբի պետի ազատումը կարող է հանգեցնել զինվորական այս խիստ պատասխանատու կառույցի բնականոն գործնեության էական խաթարմանը, դրանից բխող սահմանադրական կարգին սպառնացող վտանգներով»,- նշեց Արա Զոհրաբյանը:

Նա ասաց, որ նախագահը կարող էր ստորագրել հրամանագիրը կամ դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի վիճարկի վարչապետի առաջարկությունը, դատարանն էլ 10-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ արդյոք համապատասխանում է վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը:

«ՀՀ նախագահը ընտրել է անգործության ճանապարը, որի իրավունքը չունի, նա բոլորիս թողնում է բախտի քմահաճույքին»,-ասաց Արա Զոհրաբյանը:

Նրանք պահանջել են նախագահ Արմեն Սարգսյանից, որ այսօր դիմի ՀՀ ՍԴ՝ ԶՈՒ շտաբի պետին ազատելու համար վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:

«Եթե նախագահը այսօր չդիմեց և մեզ թողեց բախտի քմահաճույքին, մենք անպայման փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը, թե ինչի՞ց ելնելով է նա վախենում վարչապետից, ի՞նչն է խնդիրը, որ նախագահը փոխեց իր կեցվածքը, արդյոք իրենից կրկին քաղաքացիության մասին փաստաթուղթ ուզեցին»,-ասաց նա:

Արա Զոհրաբյանն իրենց պահանջը գրավոր տեսքով հանձնեց նախագահի աշխատակազմի դիմում-բողոքողների բաժնի պետ Աշոտ Ալոյանին: