Search
Close this search box.

Սյունիքում սահմանի որոշ հատվածներում ՌԴ սահմանապահներ կտեղակայվեն

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր Սյունիքում ՌԴ խաղաղապահ զորախմբի սպաների հետ հանդիպմանը քննարկել է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի հսկողության հարցերն ու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանի Սյունիքի հատվածում ռուսաստանցի սահմանապահների տեղակայման ծրագիրը:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ պատերազմի հետեւանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներին եւ առաջիկա անելիքներին:

Սյունիքի մարզում Վաղարշակ Հարությունյանը նաեւ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման, նոր ձեւավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների եւ սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել սահմանային բանակցություններին մասնակցող բարձրաստիճան սպաներին զորքերի տեղակայման, պահպանության տեղամասերի ստեղծման, ըստ ուղղությունների՝ նոր միավորների ձեւավորման գործընթացի վերաբերյալ: Զորամիավորման հրամանատարը եւ Սյունիքի մարզպետը ներկայացրել են վիճահարույց որոշ հատվածներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ կողմերի միջեւ սահմանային քննարկումները շարունակվում են: