Search
Close this search box.

Մեկ ամսից ավելի լուր չունենալուց հետո ընտանիքը զինվորի մասին տեղեկացել է ադրբեջանցիների տեսանյութերից

Ալավերդիից անցած ամառ բանակ զորակոչված 18-ամյա Արայիկ Գալստյանի ընտանիքը զինվորից մեկուկես ամիս լուր չուներ և միայն երկու օր առաջ համացանցում տարածված տեսանյութից են տեղեկացել, որ տղան ադրբեջանական գերության մեջ է, գրում է azatutyun.am-ը։

Հայ ռազմագերին համացանցում տարածված մի քանի տեսանյութում է երևում։ Դրանցից մեկում ադրբեջանցի զինվորականը հարցնում է նրա անունը ու հետո ստիպում ադրբեջաներեն արտահայտություններ կրկնել։

«Իրան մի քիչ չաղ մարդ խոսացնում ա, ասում ա՝ անունդ ինչ ա, ասում ա՝ Արայիկ: Իրան հետո խոսացնում են, բաներ են ասել տալիս, իմ տղեն ա», – ասաց զինվորի մայրը:

Ռազմագերու մայրը՝ Անիչկա Միկոյանը որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 8-ին է խոսել։ «Ես գիտեի, որ Ջաբրայիլում պատերազմ ա տեղի ունեցել, ինձ հետ խոսաց, ասաց՝ մամ ջան, ես ուրիշ տեղ եմ: Խոսաց ինձ հետ, թոռս ինձ հետ ա, խնամակալ են ես թոռանս, հետը խոսաց, մի քիչ խոսացինք, ասաց՝ լավ, մամա, անջատիր», – նշեց Միկոյանը:

Մայրն ասում է՝ որդուն օր առաջ տանը տեսնելու հույսով է ապրում։ Արայիկ Գալստյանը զորակոչվել էր Ջաբրայիլ, որը գրավվել էր Ադրբեջանի կողմից։

«Ամեն ինչի դիմել ենք, տարբեր տեղեր ենք դիմել, Կարմիր խաչից, նախարարությունից սկսած, մեր վայենկոմատից սկսած, որպեսզի երեխային հետ բերեն», – ասաց Գալստյանի մայրը:

Բացի այս տեսագրությունից, համացանցում կա ևս մեկը, որում Արայիկ Գալստյանից բացի, ևս երկու հայ ռազմագերիներ են՝ Էրիկ Մխիթարյանը և Ռոբերտ Վարդանյանը։ Այս տեսանյութում էլ ադրբեջանցիները հայ ռազմագերիներին պարտադրում են համբուրել Ադրբեջանի դրոշը։ Երեկ համացանցում տարածված մյուս տեսանյութում էլ փորի վրա պառկած տղան Էրիկ Մխիթարյանն է, «Ազատությանը» փոխանցեց հայ ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։

Ռազմագերիների փոխանակման հարցերով զբաղվող Կարմիր խաչի գրասենյակից հայտնում են, որ դեռևս որևէ ռազմագերի չի վերադարձվել։ Այդուհանդերձ, հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունու փոխանցմամբ՝ իրենք ամենօրյա ռեժիմով այցելում են երկու կողմերում պահվող ռազմագերիներին, ծանոթանում նրանց պահման պայմաններին և այդ մասին տեղեկատվություն են տրամադրում նրանց ընտանիքներին և կառավարության ներկայացուցիչներին։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: