Search
Close this search box.

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիային ասաց, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հայկական անօդաչու սարք խոցելու մասին լուրը հերթական ապատեղեկատվությունն է։

«Ադրբեջանական հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, ոչ մի անօդաչու սարք չի խոցվել», – ընդգծեց Ստեփանյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե իբր հայկական անօդաչու թռչող սարք է խոցել։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։