Search
Close this search box.

Ադրբեջանցիները հայերի անձնագրերի լուսանկարներ են հրապարակել եւ վարկային կազմակերպության ուղարկել

Ադրբեջանցիներն հայերի անձնագրերի մեծ քանակի լուսանկարներ են հրապարակել, որը ենթադրվում է, որ վարկային կազմակերպության են ուղարկել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ադրբեջանական մի հաքերային էջ, որը վաղուց է մեզ ծանոթ, վերջին մեկ ամսում ակտիվացել է։ Կորոնավիրուսային հիվանդների տվյալներ էին հրապարակել: Այդ թիմը հիմա անձնագրերի մեծ քանակի լուսանկարներ է հրապարակել, որը, ենթադրում եմ, ինչ-որ վարկային կազմակերպության են ուղարկել: Հետո սկսեցին բանակից փաստաթղթեր նկարել ուղարկել, որտեղ երեւում է, որ ձեռքով պահած նկարած է»,– ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետը նշեց, որ ամենայն հավանականությամբ, բոլոր արտահոսքները անձնական էլեկտրոնային հասցեներից է ուղարկված. «Այսինքն մարդիկ ուղղակի պատշաճ ձեւով ինֆորմացիան չեն պահում, մեկը մյուսին են ուղարկում: Սա նշանակում է որ ինֆորմացիայի անկազմակերպ փոխանակում է լինում»։

Հարցին՝ ի՞նչ պետք է անեն հայերը, որպեսզի նման արտահոսքեր չլինեն, Մարտիրոսյանն ասաց, որ պետք է հստակ կանոնակարգ լինի, թե ինչպես է պետք ինֆորմացիա տարածել.

«Շատ հստակ ու լուրջ պատիժներ պետք է լինեն, քանի որ մարդկանց սրանով լուրջ վնասներ են պատճառվում: Կանոնակարգից հետո էլ պետք է կրթել մարդկանց, որոնք տեղեկատվության կրող են: Այսինքն՝ եթե համակարգված սա չարվի, այս արտահոսքերն անընդհատ լինելու են։ Այս հարցն ունի կանոնակարգված ընդհանուր լուծում: Ինֆորմացիայի տարբերությունը խոսում է այն մասին, որ ում, ինչ, երբ, ինչպես հարմար է հասցնում ուղարկում են»:

Մարտիրոսյանը շեշտեց, որ արտահոսքերի նման վիճակը եղել է տարիներով. «Խնդիրն այն է, որ նրանք էլ են ակտիվացել: Եթե առաջ ուղղակի կոտրում էին էլեկտրոնային հասցեները, ցանկը տեղադրում էին համացանցում՝ թիթիզանալու համար, հիմա սկսել են այդ տեղեկությունները կարդալ, ուրախացել են, թե ինչ գանձեր կան մարդկանց մեյլերում»։