Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն. կա 8 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել են շտապօգնության հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 վիրավորներից 2- ը տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, 6-ը՝ Վայքի:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Ford Transit-ը հաշվառված ա Կապանի հիվանդանոցի հաշվեկշռում և Երևան հիվանդանոց էր տեղափոխում սրտի վիրահատություն տարած քաղաքացուն»

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: