Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սպանություն Երևանում. 38–ամյա տղամարդու վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր

Այսօր՝ հունիսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի փողոցում կրակոցներ են հնչում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները նշված փողոցում՝ դեղատան դիմաց, հայտնաբերել են տղամարդու դի, ովքեր պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Թելման Կարապետյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մահացել է հրազենից արձակված կրակոցներից:

Քննիչները, կատարելով դեպքի վայրի զննություն, սպանվածի մոտ՝ 50 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում, հայտնաբերել են ատրճանակից արձակված պարկուճներ և գնդակներ:

Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավարի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը)/ հատկանիշներով:

Դեպքի վայրում աշխատել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Կրակոցների հետևանքով վնասվել է նաև օբյեկտներից մեկի ապակին:

Կայքը հայտնում է, որ մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի քննիչները, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Մադոյանը և հայտնել, որ սպանությունը կատարել է ինքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակով և ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը:

Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում ոստիկանները՝ սահմանազատելով տարածքը, մի խումբ երիտասարդներ դեպքի վայրում ակնհայտ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում հասարակության նկատամամբ, հնչեցնում սպառնալիքներ ու հայհոյանքներ: Ոստիկանները մի քանի անգամ նրանց զգուշացրեցին, որպեսզի նախ կատարեն ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումները, այն է ՝ կրեն պաշտպանիչ դիմակ, պահպանեն սահմանված հեռավորություն, բայց այդ երիստասարդները շարունակում էին լկտի պահվածք ցուցաբերել, ինչից հետո ոստիկաններն ու դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի «կարմիր բերետները»՝ Միքայել Այվազյանի գլխավորությամբ, մի քանիսին «ասֆալտին փռելով»՝ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչից հետո նոր միայն քննիչները կարողացան առանց խոչընդոտի կատարել դեպքի վայրի տեղազննություն:

Սպանվածն ու սպանություն կատարողը ճանաչել են միմյանց, սակայն, թե ինչն է եղել սպանության դրդապատճառը, նախաքննության շահերից ելնելով, այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը, ում կարգադրությամբ տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի գիշերվա 1-ին հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պատասխանատու հերթապահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ: