Search
Close this search box.

«Եղբայրս հերոսական քայլ է արել՝ փրկելով իր ընկերներին». սպանված 21-ամյա երիտասարդի գործով կա մեկ կալանավորված

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում մայիսի 27-ին սպանված Վահրամաբերդ գյուղի 21-ամյա բնակիչ Զարզանդ Մանուկյանի գործով այժմ կա մեկ կալանավորված: NEWS.am-ի հետ զրույցում սպանվածի քույրը, Գյումրիի «Ցայգ» մարզային հեռուստաընկերության լրագրող Հեղինե Մանուկյանը, որը ճանաչվել է նաև իրավահաջորդ, նշեց, որ այժմ գործակցում է իրավապահ մարմինների հետ գործը ամբողջությամբ բացահայտելու համար:

Ըստ Հեղինե Մանուկյանի՝ եղբայրը մյուս քրոջ որդու հետ դուրս է եկել զբոսնելու, երեկոյան՝ 19:00 – 19:30-ի սահմանում, երեխային տուն բերելուց հետո, ասել է, որ պետք է դուրս գա, բայց շուտով կվերադառնա: Մեկ ժամ անց լուր է ստացվում, որ Զարզանդը «Գյումրի» ԲԿ-ում է, որտեղ էլ իմացել են մահվան մասին:

«Թե ինչ էր պատահել, այդ պահին չգիտեինք, Մարմաշեն համայնքի ղեկավարը՝ Կարեն Արշակյանը, մինչեւ այդ տարբեր լրատվական կայքերի ասել էր, թե ընդամենը պատահականություն է եղել, խաղի ժամանակ հանկարծամահ է եղել, ընդ որում այդ տեղեկությունը տարբեր կայքերի տարբեր կերպ է ներկայացրել: Տղաները ֆուտբոլ խաղացել են ժամը 4-ից 5-ի սահմանում, իսկ Զարզանդը դուրս է եկել ժամը 19-ից հետո, այսինքն անհնար էր, որ այդ ընթացքում եղբայրս ֆուտբոլ խաղար ու նման դեպք տեղի ունեցած լիներ: Կարեն Արշակյանը սխալ տեղեկություններ է հաղորդել, մենք կհասնենք այն բանին, որ նա և՛ հերքի իր տարածած տեղեկությունները, և՛ ներողություն խնդրի մեր ընտանիքից», ասել է Հեղինե Մանուկյանը:

Հ․Մանուկյանի խոսքով՝ եղբորը դուրս են կանչել SMS հաղորդագրության միջոցով․ «Եղբայրս իր 3 ընկերների հետ, որից մեկը անչափահաս, մեքենայով գնացել է Մարմաշեն, տեսել են, որ իր ամենամտրիմ ընկեր Գևորգը, որ նաև նրա դասընկերն է, ոմն Նորոյի հետ զրուցում է, այնուհետեւ սկսել են հարվածել միմյանց։ Երբ խփել են Գևորգի աչքին, Զարզանդը օգնել իր ընկերոջը, ոտքի է կանգնեցրել, ջուր տվել։ Այդ պահին Զարզանդը հարված է ստացել: Այդ հարվածողը նրան կանչել է, որ առանձնացած խոսեն, առանձնանալուց հետո, չգիտես ինչու, Վահրամաբերդի տղաները չեն տեսել, որ մի 10 քայլ այն կողմ Զարզանդը և այդ տղան ի՞նչ վեճ են ունեցել , ո՞վ է ում խփել, ո՞նց է եղել»,-պատմել է Հեղինե Մանուկյանը:

Հ․Մանուկյանը ճանաչվել է եղբոր իրավահաջորդ, նրա խոսքով՝ եղբայրն իր ընկերների կյանքն է փրկել, վճարելով իր կյանքով. «Նա հերոսական քայլ է արել փրկելով իր ընկերներին: Մենք շարժվելու ենք օրենքով, և բոլորը պետք է պատասխան տան օրենքի առաջ, արդեն կա մեկ կալանավորված՝ Մարմաշեն համայնքի բնակիչ Հ. Խ.-ն»:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ Քր․ Օր. 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Քրեական գործով կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, ինչը թույլ է տվել կոնկրետ անձի հիշյալ հոդվածի հատկանիշներով մեղադրանք առաջադրել: Վարույթն իրականացնող քննիչը նշված անձին առաջադրել է մեղադրանք, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այժմ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կասկածյալի արարքին ամբողջական գնահատական տալու համար: Ըստ մարզի դատախազի՝ այս պահին գործով ձեռք բերված բոլոր տվյալները վկայում են, որ սպանությունը կատարել է մեկ անձ, իսկ երբ կլինեն ապացույցներ, որ հանցագործությանը մասնակցել են նաև այլ անձինք նրանց արարքներին նույնպես կտրվի քրեաիրավական գնահատական: