Search
Close this search box.

Ծանր ու առանձնապես ծանր վիճակի հասնում են 5 տոկոսը, իսկ մահացությունը կազմում է 1-1,2 տոկոս. տեսանյութ

Եթե մեր՝ բուժօգնության կարիք ունեցող պացիենտները լինեն այնքան, որ չկարողանանք տեղավորել հիվանդանոցներում, մեր մահացության թվերն աճելու են: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը. «Մարդիկ մահանալու են կորոնավիրուսից պատշաճ բուժօգնություն չստանալու պատճառով:

Այս խնդիրը լուծելու մի ձև կա՝ մենք պետք է մեր կողմից ուրիշներին վարակելու հավանականությունը մաքսիմալ քչացնենք: Սա վերաբերում է ոչ միայն ինձ նման մարդկանց, ովքեր ախտորոշված են, այլ նաև բոլորին, որովհետև այսօր երկրում 20-25 հազար, հնարավոր է՝ 30 հազար ասիմպտոմ դեպքեր կան:

Հիմա հնարավոր է, որ դուք վարակված եք: Շատ լավ է, եթե դուք վարակված եք ու չգիտեք այդ մասին, նշանակում է, որ ձեր մոտ ասիմպտոմ է, նշանակում է, որ դուք կլավանաք: Եթե ախտորոշվեք, ասիմպտոմ լինի, դուք վստահ կլինեք, որ վարակվել ու լավացել եք, ձեր կյանքը լրիվ կփոխվի, դուք որևէ մտավախություն չեք ունենա վարակելու ու վարակվելու մասով, առնվազն՝ մեկ տարի»:

Փաշինյանի խոսքերով, հիմա յուրաքանչյուրի անելիքը մեկն է՝ քչացնել այլոց վարակելու հավանականությունը. «Հիմա ես օրինակ արդեն մի շաբաթ չեմ գնում կառավարություն: Ես ինձ վատ չեմ զգում, նույն ծանրաբեռնվածությամբ աշխատում եմ, պատրաստ եմ նույն ձևով ամեն օր գնալ: Չեմ գնում ոչ թե լավ չզգալու, այլ մյուսներին չվարակելու համար: Ավելի ճիշտ՝ երաշխավորեմ, որ այլոց չեմ վարակելու: Դրա համար մեր դռնից ներս մարդ չենք թողնում, որ մտնի, որպեսզի այլոց չվարակենք:

Ինչքան շատ է վարակվածների թիվը, այնքան ծանր ու առանձնապես ծանր հիվանդների թիվը մեծանում է, մեծանում է նաև մահացությունների թիվը:

Ընդհանուր մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատշաճ բուժօգնության պարագայում ծանր ու առանձնապես ծանր վիճակի հասնում են 5 տոկոսը, իսկ մահացությունը կազմում է 1-1,2 տոկոս:

Հաջորդ կոնտեքտը հետևյալն է՝ եթե 10 հազարի 5 տոկոսը 500-ն է, 10 հազարի 1,2 տոկոսը 120 հոգի է, 100 հազարի 5 տոկոսը 5 հազար հոգի է: Հետևաբար մեր առողջապահաան համակարգը չի կարող 5 հազար հոգու ծանր վիճակում գտնվող հիվանդի սպասարկել: Միշտ է այսպես եղել»:

«Եթե ծանր դեպքերը շատանան այնքան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոք դաունի: Կյանքը կանգնելու է՝ իր բոլոր տնտեսական ու սոցիալական հետևանքներով: Այսօր շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, գնացել են այդ ճանապարհով: Լոք դաունի ընթացքում թվերն այլ են եղել»,-ասաց նա:

Ամեն դեպքում, Փաշինյանի խոսքերով, նույնիսկ եթե տոտալ լոք դաուն լինի, վարակը զրոյանա, բացվելուց հետո վարակը նորից տարածվելու է, կրկին լոք դաունի անհրաժեշտություն է լինելու. «Ստացվում է, որ ունքը սարքելու փոխարեն աչքն ենք հանում՝ մի կողմից կորոնավիրուսի հարցը չենք լուծում, մյուս կողմից տնտեսական կոլապսի ենք մատնում երկիրը:

Հետևաբար, լուծումն այն է, որ մաքսիմալ շատ մարդիկ ինձ նման ասիմպտոմ կլինեն կամ շատ տանելի վիճակով վարակվեն ու լավանան: Մի քիչ երևի իմ ասածը սխալ է, այսպես ձևակերպեմ՝ եթե ստացվի այնպես, որ ասիմպտոմ վարակված ու լավացած դեպքերը շատ լինեն, դա է հարցի լուծումը:

Մեր ընկալումն այն է, որ մենք առողջապահական համակարգի ուզածը պետք է տանք, որպեսզի հզորությունները մեծացնենք: Սակայն դա ժամանակատար է, նաև անսահմանափակ չէ»: