Search
Close this search box.

Ինչո՞ւ է իշխանությունը շարունակում հակածառուկյանական քաղաքականությունը

Գագիկ Ծառուկյանի և նրա ղեկավարած ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքակական հետապնդումը շարունակվում է: Բոլորի համար էլ պարզ է, որ իշխանությունն ուզում է ամեն կերպ լռեցնել իր քաղաքական ընդդիմախոսներին, և դրա համար իշխանությունը ունի բավարար հիմքեր:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն ըստ էության վիժեցրել է տնտեսական հեղափոխության մասին թեզը, որի անհրաժեշտության մասին, ի դեպ, առաջին անգամ հրապարակային հայտարարեց Գագիկ Ծառուկյանը: Փաշինյանն արդեն երրորդ տարին է իշխանության է, սակայն մարդկանց տնտեսական և սոցիալական վիճակը ոչ միայն չի բարելավվում, այլ ընդհակառակը՝ օրըստօրե ավելի է վատանում:

Հասարակության մեջ ձևավորվում է այն հստակ համոզումը, որ այս իշխանությունը ի վիճակի չէ երկիրը դուրս բերել հետկորոնավիրուսային ճգնաժամից: Ընդհակառակը կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը Փաշինյանը օգտագործում է իր իշխանությունը պահելու և հանրային բողոքի դրսևորումները կանխելու համար: Հանրությունը գործող իշխանությանն այլընտրանք է փնտրում: Եվ բնական է, որ շատերի համար այդ այլընտրանքը Բարգավաճ Հայաստանն է՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Գործող իշխանությունը ևս հստակ արձանագրում է իր վարկանիշի և հանրային վստահության ռեսուրսի գահավիժումը: Կորցնելով հանրային վստահությունը, իշխանությունն ամեն կերպ ուզում է իր ձեռքում պահել կառավարման լծակները՝ դրանից առավելագույս օգտվելու համար: Իսկ հանրային վստահության բացակայության պայմաններում իշխանությունը պահելու միակ ձևը քաղաքական ընդդիմախոսներին հալածելն է, ինչով և զբաղած է փաշինյանական իշխանությունը:
Հիշեցման համար ասենք, որ գրեթե հինգ տարի առաջ այդ նույն ճանապարհով գնաց նաև սերժսարգսյանական իշխանությունը, փորձելով վիրավորանքի ու սպառնալիքի միջոցով լռեցնել Ծառուկյանին, և նրան դուրս մղել քաղաքական դաշտից: Թե հիմա ուր է Սերժ Սարգսյանը և նրա ղեկավարած ՀՀԿ-ն և ուր է Գագիկ Ծառուկյանը և իր ղեկավարած ԲՀԿ-ն՝ գիտեն բոլորը: Որ «Իմ քայլը» խմբակցությունը ևս կիսելու է ՀՀԿ-ի ճակատագիրը կարծես ոչ մեկ չի կասկածում, և դրա համար պետք է մի փոքր ժամանակ:

Ծառուկյանի բիզնեսների դեմ իրականացվող տեռորը, շանտաժն ու նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչների կալանավորումը կարող են ունենալ խիստ ժամանակավոր էֆեկտ, բայց չեն լուծելու իշխանության հիմնական խնդիրը: Հանրային խնդիրները լուծելու անընդունակությունը և աճող դժգոհության ալիքը սրբելու է նաև այս իշխանությանը: Որովհետև քաղաքական հակառակորդների հետապնդման միջոցով դեռևս ոչ մի իշխանության չի հաջողվել լցնել մարդկանց դատարկ ստամոքսները և փակել իրենց թալանից ապշած հասրակության աչքերը: