Search
Close this search box.

Մեքենաներով գնացել են գերեզմանոց հաշիվներ պարզելու. դանակահարել է քրոջ ամուսնուն ու փախել

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երեւանի բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է քրոջ ամուսնու հետ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ պարզաբանումներ ստանալու նպատակով վերջիններս դուրս են եկել տնից, եւ յուրաքանչյուրն իր ավտոմեքենայով ուղեւորվել է դեպի Երեւան քաղաքի Կենտրոնական գերեզմանատան հարակից տարածք, որտեղ նրանց միջեւ խոսակցությունը կրկին վերածվել է վիճաբանության, որի ընթացքում տղամարդն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է իր քրոջ ամուսնու կրծքավանդակի աջ կողմի ստորին հատվածին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո նստելով իր՝ «Մերսեդս բենց C240» մակնիշի ավտոմեքենան, դեպքի վայրից դիմել է փախուստի:

2020թ. հունվարի 4 -ին որոշում է կայացվել՝ Երեւանի բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում:

2020թ. հունվարի 10-ին վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:

Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:

Միեւնույն ժամանակ դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունն ավարտվել է: