Search
Close this search box.

Չեխիան բացում է առևտրի կենտրոնները և թույլ է տալիս մինչև 100 մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումները

Չեխիայի կառավարությունը կրկին արագացրել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մեղմացումը, չնայած այն հանգամանքին, որ երկրում վարակի նոր դեպքերի աճ կա: Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ չեխական iROZHLAS պարբերականին հղումով:

Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը հայտարարել է, որ մայիսի 11-ից թույլատրվելու են հասարակական, մարզական և մշակութային միջոցառումները, ինչպես նաև հարսանեկան և եկեղեցական արարողությունները, որոնց կարող են մասնակցել մինչև 100 մարդ:

Կբացվեն առևտրի կենտրոններում գտնվող բոլոր խանութները, գեղեցկության սրահները, թանգարաններն ու պատկերասրահները, դղյակների պուրակները և հենց դղյակները, ինչպես նաև պրոֆեսիոնալ մարզիկների համար նախատեսված բաց մարզահրապարակները:

Կինոթատրոններն ու թատրոնները նույնպես կբացվեն մայիսի 11-ին, սակայն մինչև 100 հանդիսատեսի համար, որոնք իրարից կբաժանվեն մեկ նստատեղով, եթե նրանք ընտանիքի անդամ չեն:

Բացի այդ, մինչև 7 տարեկան երեխաներն այլևս դիմակներ չեն կրի մանկապարտեզում:

Սահմանափակումների չեղարկման նոր միջոցառումների մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ երկրում երրորդ օրն անընդմեջ աճում է վարակի նոր դեպքերի թիվը: