Search
Close this search box.

Տարբեր բնագավառի մարդիկ՝ ընդդեմ քացկեղի. Ցուցահանդես Մետրոպոլիտենում

 

«Ես ուռուցքաբան եմ և ես քարոզելու եմ, որ հավատը բժշկի և սեփական ուժերի նկատմամբ բուժման գրավականն է»…
«Ես իրավաբան եմ և ես քարոզելու եմ անծուխ Հայաստան կարգախոսը, որպես քաղցկեղի դեմ պայքարի միջոց»…
« Ես ուսուցչուհի եմ և ես ուսուցանելու եմ քաղցկեղի դեմ պայքարել վաղ հասակից»…
«Ես արվեստի գործիչ եմ և ես սատարելու եմ քաղցկեղի գլոբալ էպիդեմիայի դեմ պայքարին»…
Սրանք մեջբերումներ են Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում բացված ցուցահանդեսից, որը նպատակ ունի է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով մարդկանց հիշեցնելու քաղցկեղի վաղ ախտորոշման նշանակությունը. «Ամեն տարի փետրվարի 4-ին քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումներին սովորաբար մասնակցում են բժիշկներն ու բուժաշխատողները, սակայն այս տարի քաղցկեղի դեմ պայքարում որոշեցինք ընդգրել տարբեր բնագավառների մասնագետներին, որպեսզի միահամուռ ուժերով պայքարենք այս բարդ հիվանդության դեմ: Տարբեր մասնագիտութունների ներկայացուցիչների ներառելով՝ մենք բոլոր ուղերձներում կարմիր թելով տանում ենք այն գիծը, որ վաղ ախշտորոշումը մեծաթիվ կյանքեր է փրկում: Եթե հիվանդությունը ի հայտ է եկել՝ չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է: Շատ հիվանդներ բացարձակ առողջանում են և ապրում են սովորական կյանքով»,- ասում է միջոցառման նախաձեռնող ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը՝ նշելով, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Առողջապահության նախարարության ու Մետրոպոլիտենի համագործակցության արդյունքում:

Ըստ նրա՝ քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառումներ ամեն տարի տեղի են ունենում, և չնայած այդ ամենին՝ ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդների թիվը գնալով աճում է: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին ամբողջ աշխարհում 27 միլիոն նոր դեպք է հայտնաբերվելու: Հետևաբար պետք է գնալով էլ ավելի ինտենսիվացնել քայլերն այս ուղղությամբ. «Մենք կոչ ենք անում որպեսզի մարդիկ վաղ դիմեն, սկրինինգային ծրագրերին ժամանակին մասնակցեն, և այդ նպատակով նախարարությունը ընդլայնում է սկրինինգային ծրագրերը: Այս տարի հատկապես շեշտադրումը դրել ենք թոքի քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումների վրա, քանի որ թոքի քաղցկեղ ունեող մարդկանց քանակն աճում է»,- շեշտեց Հայկուհի Գյոկչյանը՝ նշելով, որ այս տարվա միջոցառումների կարգախոսն է՝ “ԵՍ ԿԱՄ, ԵՍ ԳՈՐԾՈՒՄ ԵՄ”:
ԱՆ գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանն էլ շեշտեց, որ քաղցկեղի դեպքերի մոտ 40 տոկոսը կարելի է կանխարգելել, իսկ այդ հարցում առաջնահերթ քայլը վաղ ախտորոշման հնարավորություններ ստեղծելն է:
Երևանի մետրոպոլիտենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն էլ նշեց, որ իրենք սիրով են հարթակ տրամադրել ցուցահանդես համար, քանի որ մետրոյով ամեն օր շուրջ 75 հազար ուղևոր է երթևեկում, ու դա հրաշալի միջոց է, որ քաղցկեղի դեմ պայքարի ուղերձներին, որոնք փակցված են ոչ մետրոյի տարբեր կայարաններում, մեծաթիվ մարդիկ ծանոթանան:

Ի դեպ ցուցահանդեսից զատ արդեն Մետրոնոմում շատ գեղեցիկ ավազային ներկայացում տեղի ունեցավ: «Մի կյանքի պատմություն» խորագրով շոուն պատմում էր քաղցկեղը ապրած ու հաղթահարած մարդու ընտանիքի մասին. «Եղեք առողջ հանուն Ձեր ընտանիքի»,- այս ուղերձով եզրափակվեց միջոցառումը: