Search
Close this search box.

Ուսման վարձավճարը եկամտային հարկով փոխհատուցելու նախագիծն ընդունվեց

Հունվարի 24-ին ԱԺ-ն նախորդ օրը քննարկած օրինագծերի մեծ մասն ընդունեց միաձայն: Միակ բացառությունն «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենսդրական փոփոխությունների փաթեթն էր, որով առաջարկվում է կանոնակարգել շրջիկ առևտուրը: Դրան դեմ քվեարկեց ԼՀԿ-ն: Անի Սամոնյանը դեմ քվեարկելը հիմնավորեց նրանով, որ օրինագծում հաշվի չեն առնվում բիզնեսի առանձնահատկությունները, բացի այդ՝ հայեցողական մեծ հնարավորւթյուններ են ստեղծվում քաղաքապետարանի համար: Արդյունքում՝ շրջիկ առևտուրը կամ մենաշնորհ կդառնա, կամ՝ առհասարակ կվերանա:

Ընդունվեց «Իմ քայլից» Լենա Նազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Դրանով առաջարկվում է մի քանի փոփոխությունների միջոցով մեծացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: 2-րդ ընթերցմամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից մշակված եկամտային հարկը որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու հնարավորություն ընձեռող օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվող արտոնությունը տարածվում է միայն առկա համակարգի մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում Կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող ուսանողների վրա: