Search
Close this search box.

Դանակահարություն Երևանում. երիտասարդներ են տեղափոխվել հիվանդանոց

Հունվարի 6-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն իրենց մոտ է տեղափոխել 2 քաղաքացու:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Յաղուբյան փողոցի բնակիչներ, 29-ամյա Սուրեն Սիմոնյանը, ով հիվանդանց է տեղափոխվել «ձախ ազդրի շրջանում 2-3 ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ և 31-ամյա Մհեր Ղազարյանը, ով հիվանդանց է տեղափոխվել «պոչուկի շրջանում 3-4 ծակած կտրած, ծոծորակի շրջանում պատռված վերք» ախտորոշմամբ:
Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք ժամը 02:30-ի սահմաններում, Լեփսիուսի փողոցի թիվ 23 շենքի մոտ վիճաբանել են անհայտ անձի հետ, ով էլ իր մոտ եղած սուր-կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նշված անձանց: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: