Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարության պարզաբանումը Մարալիկի ծննդատան շուրջ ստեղծված լարված իրավիճակի մասին

Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման շուրջ վերջին օրերին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

Համաձայն Առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։

Սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարացված չէ ծախս-արդյունավետության և թե ինչն առավել կարևոր է՝ մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։

Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի:

Բացի դրանից ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։

Հաշվի առնելով նշվածը՝ բնակչի համար շատ ավելի անվտանգ է ի սկզբանե դիմել կամ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ և սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն, ինչը կնպաստի մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությանը։

Հավելենք նաև, որ սա վերաբերում է բոլոր այն ծննդատներին, որոնք չեն բավարարարել այս պահանջները, բացառությամբ որոշների՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով։

Նշենք, որ օրեր առաջ Shamshyan.com-ը գրել էր, հունվարի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Մարալիկի առողջության կենտրոնում տեղակայված Մարալիկի ծննդատան 100-ից ավելի աշխատակիցներ, ինչպես նաև նրանց միացած մեծ թվով ծննդկաններ ու մի քանի գյուղերի բնակիչներ պահանջում էին, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքի իրենց խնդրանքին: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին.

«Այսօր առավոտյան ծննդատան տնօրեն Վռամ Մելիքյանը մեզ ամանորյա նվեր մատուցեց՝ ասելով, թե կառավարությունը որոշել է, որ ծննդատունը պետք է փակվի ու այսուհետ ծննդկանները պետք է օգտվեն Գյումրիի բժշկական կենտրոնի ծննդատնից: Նման անհեթեթ անակնկալ մենք չէինք սպասում: Էս ծննդատունը դեռ սովետական տարիներից է գործել ու ամեն տարի 100-150 ծնունդ է ընդունում: Ծննդատունը սպասարկում է 17 գյուղ և կան գյուղեր, որտեղից Գյումրի գնալու համար պետք է կտրեն ու անցնեն 20-40 կիլոմետր: Հետաքրքիր է տնօրենը հայտնել է իրավասու մարմիններին, որ այս ծննդատունը մի քանի սերունդների կյանք է պարգևել: