Search
Close this search box.

Ռուսական «ռեյդերությունը» հասավ Հայաստան, մտավ Հովտաշատ

Պետություն չկա, բայց միթե սա չէր մեր երազանքը…
Այսօր հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի մոտ 60 բնակիչներ, ներխուժել են «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարան, և սկսել են այնտեղից ձուկ գողանալ: Սա կարելի էր սովորական գողություն համարել, եթե իրավապահ մարմինները կալանավորեին ձկնագողերին, և ստիպեին փոխհատուցել սեփականատիրոջը պատճառված վնասը:

Բայց դատելով հանցագործության մասսայական բնույթից, որևէ կասկած չկա, որ ձկնաբուծարանի տարածք ներխուժած հանցագործները ոչ միայն իմացել են, որ ոստիկանությունը չի արձագանքելու իրենց գործողություններին, այլ ուղղորդված են եղել իշխանությունների կողմից:

Ռուսաստանում նախորդ դարի 90-ականների սկզբներին մի այսպիսի երևույթ կար, կոչվում էր «ռեյդերություն»: Եթե կարճ. սրա իմաստը սեփականության վերաբաշխումն էր: Մի խումբ մարդիկ, հիմնականում զինված, մտնում էին ինչ որ մեկին պատկանող տարածք, և հայտարարում, որ այն այլևս չի պատկանում սեփականատիրոջը, և սեփականատերը փոխվել է: Սեփականատերը կարող էր բողոքել, կարող էր դիմել ոստիկանություն, դատարան, բայց դա որևէ հետևանքի չէր հանգեցնում: Սեփականության նման ապօրինի վերաբաշխման հետևում կանգնած էր իշխանությունը, որը աջակցում էր, որ սեփականությունը ոչ յուրայիններից անցնի յուրայիններին:

2014թ. մայդանից հետո այս երևույթը սկսեց ի հայտ գալ Ուկրաինայում, որտեղ նոր իշխանության կողմնակիցները իրենցով էին անում նախկին «հանցավոր» ռեժիմի ներկայացուցիչների սեփականությունը:

2018թ. հեղափոխություն տեղի ունեցավ նաև Հայաստանում: Նոր իշխանության ներկայացուցիչները սոված են, և ունեն մեծ ախորժակ: Գործող օրենքները նրանց խանգարում են տիրանալ այլոց ունեցվածքին: Դրա համար նրանք օրենսդրական փոփոխություն իրականացրեցին, ըստ որի, կարելի է մարդուն սեփականությունից զրկել, նաև առանց դատարանի որոշման: Հիմա այդ պրոցեսը ընթացքի մեջ է:

Չզարմանաք, եթե վաղը ինչ որ մարդիկ մտնեն ձեր բնակարան, և հայտարարեն, որ դա այլևս իրենցն է, որովհետև իրենք պաշտպանում են ժողովրդի վարչապետին, իսկ դուք դեմ եք այդ իշխանությանը, կամ այնքան էլ կողմ չեք: Ինչ որ մեկը կարող է ասել, որ սա պետականության վերջն է, որ սա անարխիա է: Մի քիչ ավելի լայն դատեք, դատեք հեղափոխական կատեգորիաներով:
Հնարավոր է, որ մենք այլևս պետություն չունենք, բայց դրա փոխարեն ունենք ժողովրդական իշխանություն, որը վերցնում է այն, ինչ իր սրտով է: Մի՞թե մենք սա չէինք ուզում. ժողովրդական իշխանություն: Դե ստացեք…